Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Հաղթանակի բազմաթիվ պտուղներ կորսված են․ վարչապետի ուղերձը Մայիսի 9-ի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Մայիսի 9-ի առիթով․

Սիրելի հայրենակիցներ, Սիրելի ժողովուրդ, Շնորհավորում եմ բոլորիս Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի առիթով։ Այս տոնը խորհրդանշում է Երկրորդ աշխարհամարտի ավարտը և մարդկության պատմության նոր դարաշրջանի մեկնարկը:

Պատերազմում տարած հաղթանակով քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ամենամեծ չարիքներից մեկին՝ ֆաշիզմին: Այդ գործում անգնահատելի է հայ ժողովրդի դերը, որի ավելի քան կես միլիոն ներկայացուցիչներ Խորհրդային բանակի և դաշնակից երկրների բանակների կազմում իրենց զգալի ներդրումն ունեցան մարդկությունը ֆաշիզմից փրկելու գործում: Բազմաթիվ հայորդիներ այդ պայքարում, դրսևորելով սխրագործություններ, անմնացորդ նվիրվածություն, հանուն քաղաքակրթության զոհել են իրենց կյանքը: Երկրորդ աշխարհամարտում մենք ունեցանք ավելի քան 300 հազար զոհ: 107 հայ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, մեր բազմաթիվ հայրենակիցներ մարտնչել են դաշնակից երկրների բանակներում, մասնակցել մի շարք երկրների հակաֆաշիստական պայքարին ու փառքով պսակել իրենց անունը:

Այսօր խոնարհվում ենք մեր հերոսների, մեր նահատակների գործի ու հիշատակի առաջ, հպարտանում՝ մեր նախնիների հերոսությամբ: Հայրենական մեծ պատերազմում, Երկրորդ աշխարհամարտում հերոսացած մեր պապերի ու հայրերի ոգին էր, որ 1990-ականների սկզբներին միաձուլվելով կամավորական ոգու հետ՝ դարձավ արցախյան գոյապայքարի, Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման առհավատչյան:

Այսօր` 44-օրյա աղետաբեր պատերազմից հետո, կսկիծով ու դառնությամբ ենք արձանագրում, որ Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը ոչ միայն չկարողացանք փոխակերպել դիվանագիտական, քաղաքական, տնտեսական հաղթանակի, այլև այդ հաղթանակի բազմաթիվ պտուղներ կորսված են, Արցախն ու Հայաստանը կանգնած են լրջագույն մարտահրավերների առաջ: