Բացել լրահոսը Փակել լրահոսը
906cc1a129e09bef67e3ca9c1ba635ce_L
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Էմանուել Մակրոնը ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին: Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։:

 Ուղերձում մասնավորապես նշվում է. «Այսօր ապրիլի 24-ին, Ֆրանսիան ոգեկոչում է 1915թ.֊ի Հայոց ցեղասպանության 107-րղ տարելիցը:

Հայերի նկատմամբ իրականացված բարբարոսությունը պարտավորեցնում է շարունակել պայքարն ատելության և բռնության դեմ, ինչպես, ցավալիորեն, այդ մասին մեզ հիշեցնում են եվրոպական մայրցամաքում ներկայումս ծավալվող իրադարձությունները: Ահա թե ինչու, 2019թ.-ին հանրապետական օրացույցում սահմանեցի Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այս արժանահիշատակ ամսաթիվը նաև հիշեցնում է Ֆրանսիայի և Հայաստանի միջև համերաշխությունը և ոմանց երբեմն զոհողության հասնող հանձնառությունն ի սպաս բոլորի: Ֆրանսիան երբեք չի դադարի պայքարել մոռացության դեմ և խրախուսել ցեղասպանության հիշողության փոխանցումը:

Հանուն արդարության և պատմական ճշմարտության այս պայքարը հայերինն է, բայց նաև ողջ Ֆրանսիայինը, քանզի մարդու իրավունքների հարգումը Ֆրանսիայի Հանրապետության եղբայրության հիմքում է: Ահա թե ինչու, ցեղասպանության ժխտումը պետք է անխոնջ կանխել մասնավորապես դպրոցական միջավայրում: Եվրոպական մակարդակով մշակում ենք իրավական գործիքներ՝ համացանցում զսպելու ատելության խոսքը: Եվրոպական միության խորհրդում մեր նախագահությունը հնարավորություն է մեր եվրոպացի գործընկերների հետ ավարտին հասցնելու թվային ծառայությունների մասին օրենքի նախագիծը, որպեսզի այլևս անպատիժ կերպով չժխտվի ցեղասպանությունը:

Ոգեկոչման այս տխուր օրը մենք նայում ենք նաև դեպի ապագան: Այս օրը խորհրդանշում է նաև հայ ժողովրդի վերածնունդը, որի վառ ապացույցն է Ծիծեռնակաբերդում վեր խոյացող ցեղասպանության հուշահամալիրը: Վստահեցնում եմ, որ Ֆրանսիան կշարունակի լինել Հայաստանի կողքին՝ սատարելու վերջինիս ժողովրդավարական գործընթացին և տնտեսական զարգացմանն ուղղված ջանքերին: Դուք լավ գիտեք, թե որքան եմ կարևորում բոլոր մակարդակներում մեր կապերի ամրապնդումը»: