Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+asryan 1
A A
Սպորտ

Երևանի դպրոցն անվանակոչվել է շախմատիստ Կարեն Ասրյանի անունով

Երևանի 171-րդ հիմնական դպրոցն անվանակոչվել է համաշխարհային շախմատային օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանի անունով: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Կարեն Ասրյանը ծնվել է 1980թ ապրիլի 24-ին, Երևանում։ Առաջին կարգային դարձել է 6 տարեկանում։ 1990թ լրացրել է ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածուի նորման՝ դառնալով ԽՍՀՄ մինչև 10 տարեկանների չեմպիոն։ 1998թ նա կրում էր գրոսմայստերի տիտղոսը։ Երեք անգամ (1999, 2007, 2008) նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։ Հայաստանի հավաքականի կազմում 2006թ Թուրինում նվաճել է շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը։ 1996թ երևանյան օլիմպիադայում 16-ամյա Կարեն Ասրյանն իր խաղատախտակի վրա ցույց տված լավագույն արդյունքի համար արժանացել էր ոսկե մեդալի։

2008թ հունիսի 9-ին Կարեն Ասրյանը հանկարծամահ է եղել ուղեղի կաթվածից։ Նա կյանքից հեռացել է որպես համաշխարհային օլիմպիադայի և Հայաստանի գործող չեմպիոն։