ՀՀ դեսպանը հավատարմագրերը հանձնեց Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին
Աջակցիր «Ա1+»-ինՍ․թ․ ապրիլի 25-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը իր հավատարմագրերը հանձնեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։
Ողջունելով ՀՀ դեսպանին՝ նախագահ Ռայիսին հույս հայտնեց, որ նրա գործունեության ընթացքում էական առաջընթաց կգրանցվի հարևան և բարեկամ երկու երկրների հարաբերությունների տարբեր ուղղություններում, ինչպիսիք են տնտեսական հարաբերությունները, առևտուրը և այլ ոլորտները։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Ավագյանը նշեց, որ առավելագույն ջանքեր կգործադրի երկու երկրների հարաբերությունների շարունակական զարգացման ուղղությամբ։
Արսեն Ավագյանն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության հարցում: ԻԻՀ նախագահը խնդրեց նաև իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ ղեկավարությանը։