Բացել լրահոսը Փակել լրահոսը
1081471
A A
Հասարակություն

Հալեպի Ազգային գերեզմանատանը պատարագ է մատուցվել ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

 Ապրիլի 24-ին Հալեպի Ազգային գերեզմանատանը Սուրբ և Անմահ պատարագ է մատուցվել ՝ ի հիշատակ հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների:

Այս մասին տեղեկանում ենք Հալեպի «Գանձասար» պարբերականի «Ֆեյսբուք»-ի էջում տեղ գտած հաղորդագրությունից:  

Պատարագին ներկա են եղել Սիրիայի Խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, սիրիահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ազգային պատգամավորական Ժողովի, Ազգային Վարչության, Կրոնական Ժողովի, բարեսիրական, մշակութային, մարզական եւ հայրենակցական միությունների ներկայացուցիչներ հավատացյալներ:

Պատարագը մատուցել և օրվա պատգամն է ժողովրդին ուղղել Բերիո Հայոց Թեմի առաջնորդ Տեր Մասիս եպիսկոպոս. Զոպույանը: Սրբազան հայրն ընդգծել է, որ այսօր ևս մեկ անգամ համախմբվել ենք մեր ուխտը վերանորոգելու 1.5 միլիոն սրբադասված նահատակների հանդեպ, ովքեր մերժելով ստրկությունը՝ նահատակության գնով պայքարեցին ազատության և անկախության համար, ապացուցելով, որ մարդկային որևէ ուժ չի կարող մեզանից գողանալ մեր հայրենիքը, հավատքն ու ապրելու իրավունքը:

«Հայ ժողովուրդն իր ողջ պատմության ընթացքում Քրիստոսի ուսմունքի մեծագույն թարգմանիչը դարձավ՝ պաշտպանեց իր հայրենիքը, կրեց մահը եւ արժանի դարձավ կյանքի պսակին։ Վկան՝ ՀՀ առաջին անկախությունը, ազատ եւ անկախ Հայաստանը եւ արաբական երկրների մեջ մեր ժողովրդի կազմակերպած համայնքային-եկեղեցական-ազգային կյանքը»,-նշել է հոգևորականը:

Տեր Մասիս եպիսկոպոս. Զոպույանը նկատեց, որը  21-րդ դարում մեր դարավոր թշնամու կողմից հայ ժողովուրդը դարձյալ ենթարկվում է հալածանքի եւ փորձության:

«Սակայն Դեր Զորի անապատներից հարություն առած մեր ժողովրդի զավակներն առավել կազմակերպված են շարունակում պայքարել, մինչև կրկին կտիրանանք մեր արդար իրավունքներին»,- նշել է սրբազան հայրը՝ աղոթք բարձրացնելով առ Աստված և մաղթելով, որ Ամենակարողը պահպանի Հայաստանը, Արցախը, և աշխարհասփյուռ հայությանը:

Պատարագից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: