Նամականիշ՝ նվիրված Սերգեյ Համբարձումյանի ծննդյան 100-ամյակին
Աջակցիր «Ա1+»-ինՀայ-ռուսական համալսարանում այսօր տեղի է ունեցել «Մեծանուն հայեր. ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված մեկ նոր նամականիշի մարման արարողությունը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը նշել է, որ Սերգեյ Համբարձումյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշի մարումն իրավամբ խորհրդանշական է, որով աշխարհին ի ցույց է դրվում հայ գիտական մտքի թռիչքը։
«Հայտնի ակադեմիկոս, ԵՊՀ ռեկտոր և բազմաթիվ այլ դափնիների արժանացած Սերգեյ Համբարձումյանին սրանով դարձնում ենք մեր ամենակարևոր խորհրդանիշներից մեկը, որովհետև այսօր մենք ունենք գիտնականի գրավչության բարձրացման և հանրահռչակման խնդիր։ Մեր երիտասարդները պետք է ականատես լինեն, թե ինչպես են մեծարվում հայ գիտնականները»,- շեշտել է փոխնախարարը՝ շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին։
ԲՏԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանի խոսքով՝ այս միջոցառումը Սերգեյ Համբարձումյանի ծննդյան 100-ամյակի միջոցառումների շարքի ընդամենը մի մասնիկն է։
«Յուրօրինակ այս նամականիշն աշխարհահռչակ հայ գիտնականին մեր երախտիքն արտահայտելուց զատ՝ ևս մեկ հնարավորություն է Հայաստանը որպես տեխնոլոգիական զարգացման ուղի նախանշած երկիր աշխարհին ներկայացնելու համար»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը՝ վստահություն հայտնելով, որ այն հիմք կհանդիսանա, որպեսզի Սերգեյ Համբարձումյանի անունը և ժառանգությունը ևս մեկ անգամ հանրահռչակվեն՝ նպաստելով հայ գիտական մտքի ճանաչելիության բարձրացմանը։
«ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը խորհրդանշական է համարել, որ միջոցառումը կայանում է Սերգեյ Համբարձումյանի անունը կրող գրադարանում։ Նա փաստել է, որ «ՀայՓոստ» ընկերությունը մշտապես աջակցում է նման նախաձեռնություններին՝ հույս հայտնելով, որ նամականիշի մարումը էլ ավելի վառ կպահի հայ անվանի ակադեմիկոսի անունը։
Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի խոսքով՝ այսօր բացվում է նոր դարաշրջան՝ Սերգեյ Համբարձումյանի ծննդյան 100-ամյակը։
«Այսօր մեզ համար խորհրդանշական իրադարձություն է՝ մեր երկրի ու պետության չափանիշներով, որովհետև կատարում ենք մեր քաղաքացիական պարտքը։ Սա բոլորիս պատիվ է բերում և մեկ անգամ ևս սահմանում մի նոր՝ ազգային, պետական և գիտական գործիչ Սերգեյ Համբարձումյանի նշաձողը, որին բոլորս պետք է համապատասխանենք»,- ընդգծել է Արմեն Դարբինյանը։
Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը ուրախությամբ փաստել է, որ Սերգեյ Համբարձումյանի անունը ևս մեկ անգամ հանրահռչակվում է նաև նամականիշի միջոցով, որը երկրի խորհրդանիշներից մեկն է. «Օտարազգիները նաև նամականիշների միջոցով են պատկերացում կազմում այդ երկրի, նրա պատմության, մշակույթի և ականավոր գործիչների մասին։ Հուսով եմ՝ այն հիմք կհանդիսանա, որպեսզի շատերն ուսումնասիրեն մեր մեծանուն հայի կենսագրությունը»։
Նշենք, որ 220 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայկական մեխանիկայի դպրոցի հիմնադիրներից մեկը՝ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը (1922-2018 թթ.): Նամականիշի խորապատկերին ներկայացված է Երևանի պետական համալսարանը, որտեղ Սերգեյ Համբարձումյանը 1977-1991 թթ. եղել է ռեկտոր:
Թողարկման օրը` 22 ապրիլի 2022 թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 30 000 հ.