Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Դավթյանը՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների՝ դատախազությունում ներկայացրած բողոքի մասին (տեսանյութ)

«Նախորդ տարի Մովսես Հակոբյանի հաղորդման հիման վրա հարուցված և ներկայումս հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է քրեական գործ, և այդ քրեական գործի քննության առարկան է 44-օրյա պատերազմին նախապատրաստվելու, պատերազմի ամբողջ ընթացքում ռազմաքաղաքական ղեկավարության կողմից պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև դրանց արդյունքների հետ դրանց պատճառական կապը»,-այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Ըստ նրա՝ այս գործի ընթացքում պարզ է դառնալու, թե պատերազմի ընթացքում ռազմաքաղաքական ղեկավարությունը արդյոք ճիշտ է կատարել իր վրա դրված պարտականությունները։

Արթուր Դավթյանը անդրադառնալով 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների հարազատների՝ դատախազությունում ներկայացրած բողոքին՝ նշեց․ «Ըստ էության՝  դա վերաբերվում էր Ազգային Ժողովի նիստի ժամանակ Հանրապետության վարչապետի ելույթում հնչեցրած համապատասխան խոսքերին և այդ նյութը ուղարկվել է հակակոոռուպցիոն կոմիտե, քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու համար»։

Ըստ դատախազի՝ այդ խոսքը պետք է արժանանա համապատասխան իրավական գնահատականի։

Լրագրողի հարցին, թե արդյոք հնարավոր է այս իշխանության օրոք օբյեկտիվ և համակողմանի քննություն իրականացնել և արդյոք Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինելու փաստը չի կաշկանդում գլխավոր դատախազին, Արթուր Դավթյանը նշեց․ «Վստահաբար եմ ասում, որ ինձ ոչ մի բան չի կաշկանդում։ Այդ քրեական գործի շրջանակներում ինձ համար տեսանելի բարդությունը մեծածավալ լինելն է»։

Անդրադառնալով լրագրողի խոսքին՝ ըստ որի մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն գլխավոր դատախազության և հակակոռուպցիոն կոմիտեի միջև հակասություններ կան և դատախազության վրա «բոչկաներ են գլորվում»,  գլխավոր դատախազը նշեց․ «Անլուրջ խոսակցություններ են, դրանք պարապ զրույցներ են, ինչ վերաբերվում է գլորելուն, գլորում են վերևից ներքև, իսկ դատախազությունը վերևում է հետևաբար բոչկեքը վերև չեն կարող բարձրանալ»։

Մանրամասները՝  տեսանյութում։