Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԺԲ (2)
A A
Քաղաքականություն

Պետք է մերժել Փաշինյանի վարչախմբին՝ ի դեմս նրա կառավարության ու կամակատար ԱԺ-ի․ ԱԺԲ

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել․ հայտարարությունը՝ ստորև

Ինքնիշխանության և Արցախի փրկության հրամայականը Պուտինաստեղծ և կրեմլաենթակա ՀՀ իշխանությունը՝ ի դեմս Փաշինյանի վարչակազմի ու նրան կից ԱԺ-ի, փորձում է արագացված տեմպով ու կարճ ժամկետում ապահովել Արցախը ռուս-թուրք-ադրբեջանական եռյակ դաշինքին հանձնելու գործընթացը, որը հաջորդ փուլում կապահովի նաև մնացած Հայաստանի ինքնիշխանության սահուն հանձնումը ռուս-թուրքական տանդեմի ողորմածությանը։ Պատճառն այն է, որ Ուկրաինայում հավանական պարտությունն էապես արագացնում է Ռուսաստանի թուլացումը և, զուգահեռաբար՝ Արևմուտքը ռազմավարական զսպման միջոցով կարճացնում է Թուրքիայի լծակները, ինչի հետևանքով Ռուսաստանը և Թուրքիան կորցնում են Հարավային Կովկասում ունեցած իրենց ազդեցությունը, մինչդեռ Արևմուտքն այդ համատեքստում վստահորեն վերադառնում է մեր տարածաշրջան։ Ուստի նրանք շտապում են օր առաջ Փաշինյանի ձեռամբ Հայաստանի անունից այսպես կոչված խաղաղության, սահմանազատման և այլ փաստաթղթեր կնքելու միջոցով միջազգային-իրավական առումով ամրագրել և նոր շունչ ու լեգիտիմություն հաղորդել Ռուսաստան-Թուրքիա ապօրինի, միջազգային ճանաչում չունեցող հայաստանակործան պայմանագրերին ու դրանցով ձևավորված տարածաշրջանային հակահայ ճարտարապետությանը։ Երեկ` ապրիլի 13-ին, Ազգային ժողովում հնչած Նիկոլ Փաշինյանի ակնհայտ անհիմն ու հուսահատեցնող ստահոդ հայտարարությունները վկայում են այն մասին, որ նա ամեն ինչ անելու է մինչ տարածաշրջանում Արևմուտքի հաստատումը վերը նշված գործընթացն անդառնալիության կետին հասցնելու և հայ ժողովրդին ու Արևմուտքին փաստի առաջ կանգնեցնելու համար։ Արդեն երեք դար ձգվող ռուս-թուրքական դավադրության փակուղուց դուրս գալու, պատմության անիվը շրջելու և իրապես խաղաղ, անվտանգ ու արժանապատիվ ապագա ունենալու համար հայ ժողովուրդը պետք է համախմբվի ու դառնա իր ճակատագրին տեր կանգնող քաղաքական ազգ։ Այդ ճանապարհին երկու որոշիչ առաջնահերթ քայլերը պետք է լինեն. 1) մերժել Ռուսաստանի ու Թուրքիայի միջև կեղծ երկընտրանքը և ձևավորել Արևմուտքի հետ փոխադարձ շահերի համատեքստում արդյունավետ համագործակցության ներազգային միջավայր, 2) մերժել Փաշինյանի վարչախմբին՝ ի դեմս նրա կառավարության ու կամակատար ԱԺ-ի և համախմբվել ինքնիշխանության ու Արցախի փրկության օրակարգի շուրջ։ Միայն այս երկու քայլերն անելուց հետո ժողովրդի համար կբացվի ինքնակազմակերպվելու և մեզ ընդառաջ եկող արտակարգ իրավիճակը հաղթահարելու իրական հնարավորություն։ Ըստ այդմ` արդեն իր լավն ու վատը գիտակցող, համախմբված ու գալիք մարտահրավերները դիմակայելուն հոգեբանորեն պատրաստ ժողովուրդը պետք է. 1) հեռացնի գործող վարչախմբին և հնարավորինս ներառական ձևաչափով ստեղծի արտակարգ իրավիճակը հաղթահարելու ծրագիր ու կարողություն ունեցող անցումային ժամանակավոր կառավարություն, 2) այդ կառավարության առաջնորդությամբ ձեռնամուխ լինի նշված ծրագրի իրագործմանը։