«Լիվերպուլի» 12-րդ կիսաեզրափակիչը, Գվարդիոլայի նոր ռեկորդը
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան քառորդ եզրափակիչի վերջին երկու հանդիպումները:
Անգլիական «Լիվերպուլը» սեփական դաշտում ընդունեց պորտուգալական «Բենֆիկային», որին Լիսաբոնում հաղթել էր 3:1 հաշվով: Տանտերերն չնայած հանդես եկան ոչ հիմնական կազմով, սակայն դարձյալ երեք գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: Պորտուգալացիներն այս անգամ իրենց մեջ ուժ գտան և պատասխանեցին նույնով: Արդյունքում գրանցվեց գոլառատ ոչ-ոքի` 3:3:
«Լիվերպուլը» 12-րդ անգամ մտավ չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլ: Նախկին 11 հակամարտություններից 9-ում լիվերպուլցիները անցել են իրենց մրցակիցներին:
Օրվա երկրորդ խաղում Մադրիդի «Աթլետիկոն» իր հարկի տակ ընդունեց անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Երկու թիմերի գոլ խփելու բոլոր փորձերն ապարդյուն անցան: Գրանցվեց 0:0 արդյունք, որը ձեռնտու էր մանչեսթրցիներին, քանի որ առաջին խաղում նրանք նվազագույն հաշվով հաղթանակ էին տոնել:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան 9-րդ անգամ իր թիմին հասցրեց չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլ: Դա մրցաշարի նոր ռեկորդ է:
Այդպիսով, չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ մտան Անգլիայի և Իսպանիայի երկուական ակումբներ: Ապրիլի 26-ին «Մանչեսթեր Սիթին» կընդունի Մադրիդի «Ռեալին», իսկ ապրիլի 27-ին «Լիվերպուլը» կհյուրընկալի «Վիլյառեալին»: Պատասխան խաղերը կկայանան մայիսի 3-ին և 4-ին: