Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

Արթուր Գալոյանը հանդես կգա Հայաստանի ֆուտբոլի հավաքականում (տեսանյութ)

Ռուսական «Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, ինչը նրան թույլ կտա հանդես գալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Այս օրերին 22-ամյա ֆուտբոլիստը Երևանում է: Այսօր Գալոյանը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում հանդիպել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ: Հանդիպումից հետո ֆուտբոլիստն առաջին հարցազրույցն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին.

«Շատ դրական տպավորություններ ունեմ: Առաջին անգամ եմ Հայաստանում: Ինձ շատ լավ ընդունեցին: Այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս: Ես պատրաստ եմ նույն խանդավառությամբ աշխատել, որպեսզի ամռանը, եթե մարզիչն ինձ հրավիրի, միանամ հավաքականին:

Դիտել եմ հավաքականի հանդիպումներն աշնանը, ինչպես նաև վերջին ընկերական հանդիպումները: Խաղադաշտում հանդիպել եմ Էդուարդ Սպերցյանին, ինչպես նաև Արտյոմ Ավանեսյանին, ում ճանաչում եմ դեռ դպրոցից: Մյուս տղաների հետ անձամբ ծանոթ չեմ:

Ինձ ամենալավը զգում եմ կենտրոնում, բայց կախված մարզչի առաջադրանքից՝ կարող եմ խաղալ ինչպես ձախից, այնպես էլ աջից, կամ նույնիսկ երկրորդ հարձակվողի դիրքում:

Առայժմ ամաչում եմ շատ խոսել հայերեն, որովհետև կարող է ինչ-որ բաներ խառնեմ: Կարծում եմ՝ ընթացքում կսովորեմ հայերեն և երկրպագուներին կդիմեմ հայերենով: Ես կաշխատեմ, որպեսզի արդարացնեմ մարզչական շտաբի և ֆեդերացիայի վստահությունը», - ասել է 22-ամյա ֆուտբոլիստը:

Արթուր Գալոյանը ծնվել է 1999 թվականի հունիսի 25-ին՝ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։ Ֆուտբոլային ուղին սկսել է ռուսական «Տորպեդոյի» դպրոցում։ Հենց «Տորպեդոյում» էլ կայացել է Արթուրի նորամուտը պրոֆեսիոնալ ֆուտբոլում։ 2020 թվականին տեղափոխվել է Ռուսաստանի ՖԱԼ-ը ներկայացնող «Վելես» ակումբ, որտեղ հանդես է գալիս մինչ օրս։