Բացել լրահոսը Փակել լրահոսը
277845821_345661720710836_5311800107673153933_n
A A
Քաղաքականություն

ԵՄ-ի հայտարարությունները վերջին շրջանում հիմնականում համապատասխանում են Ադրբեջանի դիրքորոշումներին. Տիգրան Գրիգորյան

«Ա1+»-ը զրուցել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ

 -Երեկ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումն ըստ էության ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից դուրս էր։ Ի՞նչ ուղղությամբ են ընթանում կամ ընթանալու Արցախյան հիմնախնդրի գործընթացները այսուհետ։

-Հարցերը մեծ հաշվով վաղուց են ԵԱՀԿ Մինսկի խմբից ձևաչափից դուրս։ Եվրամիությունը կարծես վերջին ամիսների ընթացքում ստանձնել է գլխավոր միջնորդի դերակատարումը՝ ինչ-որ չափով ստվերելով նույնիսկ Ռուսաստանի ջանքերը։ Տեսնում ենք, որ սա արդեն ԵՄ միջնորդությամբ եռակողմ երրորդ հանդիպումն է։

Հայաստանի համար չափազանց մտահոգիչ է այն հանգամանքը, որ հետքայլ է կատարվել երկու կարևոր դիրքորոշումներից։ Առաջինը կապված է հենց Մինսկի խմբի ձևաչափում բանակցությունների անցկացման հետ։ Շառլ Միշելի(Եվրախորհրդի նախագահ) հայտարարության մեջ խոսվում է այն մասին, որ արտգործնախարարներին հանձնարարվել է աշխատանքներ տանել խաղաղության բանակցությունների մեկնարկի համար։ Այստեղ տեսնում ենք, որ որևէ խոսք չկա Մինսկի խմբի ձևաչափի մասին։

Մինչդեռ Հայաստանը վերջին շաբաթների ընթացքում անընդհատ պնդում էր, որ բանակցությունները պետք է տեղի ունենան Մինսկի խմբի միջնորդությամբ ու նրա հովանու ներքո։

Երկրորդ խնդրահարույց հարցը սահմանային հանձնաժողովի ստեղծման մասին է։ Գիտենք, որ Սոչիի Նոյեմբերի 26-ի հայտարարության մեջ հստակ նշված է, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով հանձնաժողով ստեղծելուց առաջ պետք է համապատասխան քայլեր ձեռնարկվեն սահմանին իրավիճակը կարգավորելու համար։ Փաստորեն տեսնում ենք, որ առանց այդ քայլերի է ստեղծվում հանձնաժողովը։ Միշելի հայտարարության մեջ նշվում է, որ այդ հանձնաժողովը զբաղվելու է նաև սահմանային լարվածության թուլացման հարցերով, սակայն այդ կետը հայկական կողմին դեմք փրկելու հնարավորություն թողնելու համար է։

-Իսկ ինչու՞ այս ամենին չի արձագանքում Մինսկի խումբը 

 -Մինսկի խումբը որպես այդպիսին Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո կարելի է ասել, որ գործնականում գոյություն չի ունեցել։ Ինչ-որ հայտարարություններ պարբերաբար հնչեցնում էին, տեղի է ունեցել նաև մի քանի տարածաշրջանային այց։

Գիտենք, սակայն, որ Ադրբեջանը հրաժարվում էր այդ ձևաչափով բանակցությունների անցկացումից։ Հիմա ռուս-ուկրաինական պատերազմի և ռուս-արևմտյան հարաբերություններում այս աննախադեպ սրացման պայմաններում ավելի է բարդանում Մինսկի խմբի գործունեությունը։ Բավականին բարդ է պատկերացնել,  թե ինչպես են ԱՄՆ-ն ու Ֆրանսիան համագործակցելու Ռուսաստանի հետ։

-Բրյուսելյան հանդիպումից հետո Շառլ Միշելի հայտարարության մեջ չկա գեթ մեկ բառ Լեռնային Ղարաբաղի մասին, ավելին՝ այնտեղ չկա Լեռնային Ղարաբառ անվանումն առհասարակ։ Սա ի՞նչ է։ Ադրբեջանին հաջողվե՞ց թելադրել իր օրակարգն ամբողջ Եվրոպային

-Սա առաջին դեպքը չէ, երբ Շառլ Միշելի կողմից տարածած հայտարարություններում չկա հիշատակում Լեռնային Ղարաբաղի ու հակամարտության մասին։ Երկու նախորդ հայտարարություններում էլ նույնն էր։ Այո, սա ադրբեջանական քաղաքականության արդյունքն է և հայկական կողմի թուլության արդյունքը։ Ես վստահ եմ, որ հանդիպման ընթացքում ԼՂ հակամարտությունը քննարկվել է, անհնար է, որ քննարկված չլինի։

Բաքվի դիրքորոշումը հստակ է՝ Ադրբեջանը նշում է, որ «գոյություն չունի նույնիսկ Լեռնային Ղարաբաղ կոչվող վարչատարածքային միավոր և կողմերը պետք է զերծ մնան այդ եզրույթն օգտագործելուց»։ Այս հայտարարությունն ամբողջությամբ համապատասխանում է իրենց այդ մոտեցմանը։

-Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ երեկվա հանդիպումը համապատասխանում է Բաքվի շահերին։ Արդյոք դա ամբողջությամբ այդպես է։

Կարծում եմ՝ որևէ պատճառ չկա որպեսզի Ադրբեջանը գոհ չլինի այդ հայտարարությունից։ Այն իրոք համապատասխանում է Ադրբեջանի բոլոր շահերին ։

ԵՄ կողմից վերջին շրջանում ընդունված բոլոր հայտարարությունները հիմնականում համապատասխանում են Ադրբեջանի դիրքորոշումներին․ դա ակնհայտ է։