Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks (13)
A A
Սպորտ

Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականն այս օրերին իր վերջին ուսհավաքն է անցկացնում Օլիմպավանում: Վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ մեր բռնցքամարտիկները պատրաստվում են ապրիլի 13-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը։

Այդ մրցումներում Հայաստանը կներկայացնեն հետևյալ բռնցքամարտիկ՝ ըստ քաշային կարգերի․ 48 կգ՝ Թումաս Թովմասյան, 51 կգ՝ Արեն Ասլամազյան, 54 կգ՝ Գոռ Ազիզյան, 57 կգ` Մանվել Պետրոսյան, 60 կգ՝ էրիկ Իսրայելյան, 63,5 կգ՝ Արթուր Մկրչտյան, 67կգ՝ Արես Հակոբյան, 71 կգ՝ Գարիկ Անտանոսյան, 75 կգ՝ Տարոն Սարգսյան, 80 կգ՝ Համլետ Ադամյան, 86 կգ՝ Աղվան Ալեքսանյան, 92 կգ՝ Ալբերտ Հարությունյան, +92 կգ՝ Ավետիք Հովակիմյան։

«Սպասելիքները մեծ են, բայց ամեն ինչ ցույց կտա ռինգը։ Գուշակություններ անել չեմ սիրում, սակայն եթե կրկնենք անցած առաջնության արդյունքը (5 մեդալ), ապա նորմալ կհամարենք։ Իմ համար գլխավորն այն է, որ տղաները, բռնցքամարտի լեզվով ասած, «կռվել» սովորեն, անկախ նրանից, թե ովքեր կլինեն մրցակիցները», - «Ա1+»-ի հետ հարցազրույցում ասաց անվանի մասնագետը։

Նշենք, որ մեր թիմը ապրիլի 11–ի լուսադեմին կմեկնի Սոֆիա: Մարտերը կսկսեն ապրիլի 14-ից։