Մեր երկիրն ունի սահմանափակ ժամանակ․ Մանե Թանդիլյան
Աջակցիր «Ա1+»-ինՀանրահավաքներ կազմակերպելը յուրաքանչյուր քաղաքական, հասարակական խմբի իրավունքն է։ Մենք նորմալ ենք վերաբերվում ցանկացած նման ակտիվության։
«Ա1+»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր նախագահ Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով երեկ խորհրդարանական ընդդիմության անցկացրած հանրահավաքին։
«Սակայն ինձ համար, «Ապրելու երկիր» կուսակցության համար իշխանությանը զսպելու և իշխանության գալու ճանապարհը աշխատելն է։ Ցանկանում ենք մեր ունեցած խնդիրները և սպառնալիքները վերացնելուն ուղղված կոնկրետ ծրագրեր մշակել ու դրանց իրականացնելու ուղղությամբ արագ քայլեր ձեռնարկել»,-ասաց Մանե Թանդիլյանը։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր նախագահի խոսքով՝ Հայաստանի ժամանակը սահմանափակ է, միևնույն ժամանակ Մանե Թանդիլյանը վստահեցնում է, որ իր ղեկավարած կուսակցության ողջ ներուժն ուղղված է հայրենիքը արտաքին մարտահրավերներից պաշտպանվելուն։
«Մեր երկիրն ունի սահմանափակ ժամանակ արտաքին մարտահրավերներից պաշտպանվելու համար, այդ պատճառով մեր կուսակցության ամբողջ ռեսուրսն ուղղված է այդ ժամանակն արդյունավետ օգտագործելուն»,- ասաց Մանե Թանդիլյանը։
Հիշեցնենք՝ խորհրդարանական ընդդիմությունը երեկ՝ ապրիլի 5-ին «Ազատության» հրապարակում նախաձեռնել էր հանրահավաք գործող իշխանությանը հեռացնելու պահանջով։ Հանրահավաքին ներկա էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չէր մասնակցում հանրահավաքին, քանի որ ըստ իր թիմակիցների տեղեկացման՝ վերջինս դահուկ քշելիս վնասվածք էր ստացել։