Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Անգլիական ակումբները շարունակում են հաղթարշավը. չեմպիոնների լիգա

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան քառորդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները:

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում ընդունեց Մադրիդի «Աթլետիկոյին»: Իսպանական ակումբն ընտրել էր խորը պաշտպանական մարտավարություն և ամբողջ խաղին փորձում էր անառիկ պահել սեփական դարպասը: Սակայն դա նրան չհաջողվեց, քանի որ դաշտի տերերը 70-րդ րոպեին, այնուամենայնիվ, կարողացան մեկ անգամ ճեղքել մադրիդցիների երկշերտ պաշտպանությունը: Միակ գոլը խփեց բելգիացի Կևին Դե Բրյունեն:

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում զուգահեռ ընթացող խաղում անգլիական «Լիվերպուլը» վստահ հաղթանակ տարավ տեղի «Բենֆիկայի» նկատմամբ: Հյուրերը Կոնատեի և Մանեի դիպուկ հարվածների հաշվին արդեն առաջին խաղակեսում ստացան շոշաթելի առավելություն: Երկրորդ կեսի սկզբին լիասբոնցիները մեկ գնդակ ետ բերեցին: Աչքի ընկավ Նունյեսը: Սակայն, հանդիպման ավարտից երեք րոպե առաջ լիվերպուլցիների հարձակվող Լուսի Դիասը երրորդ գոլն անցկացրեց տանտերերի դարպասով: Այդպիսով, «Լիվերպուլն» արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթանակ տարավ և հաջորդ փուլ մտնելու լուրջ հայտ ներկայացրեց:

Պատասխան խաղերը կկայանան ապրիլի 13-ին: