Միայն ստեղծված իրավիճակից դուրս գալու ծրագիր ունեցող ընդդիմությունն իրավունք ունի խոսել ժողովրդի հետ. Անի Խաչատրյան
Աջակցիր «Ա1+»-ինՎստահաբար՝ ձախողված հանրահավաք էր: «Ա1+»-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր՝ «Ազատության» հրապարակում խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած հանրահավաքին, նման կերպ արձագանքեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը:
«Այդքան տարփողելուց ու գովազդելուց հետո անգամ՝ «Ազատության » հրապարակը չլցնելը շրջանցենք, անցել են զգայացունց ու հուզական ելույթների ժամանակները: Այդպես էլ ոչ մի ճանապարհային քարտեզ չառաջադրվեց, հազիվ թե Ֆրանսիայի հրապարակը մեկ ժամով «գրավելը» հարց է լուծելու: «Նիկոլ, հեռացի»ր-ն էլ նույն ուժերի՝ 2020-ից սկսված ու ոչնչով չավարտված հանրահավաքների, երթերի, գիշերակացների կարգախոսն է, որ կորցրել է արդիականությունը»,- հավելեց Անի Խաչատրյանը, շեշտադրելով՝ Դե ֆակտո՝ խորհրդարանական ընդդիմությունը ոչ ասելիք ունի, ոչ անելիք:
Ըստ Անի Խաչատրյանի, հենց այդ փաստը քողարկելու համար ընդդիմությունը փորձում է ստեղծել « գործունեության» տպավորություն: «Միայն ստեղծված իրավիճակից դուրս գալու կոնկրետ ծրագիր ունեցող ընդդիմությունը, իրավունք ունի այսօր խոսել ժողովրդի հետ»,- եզրափակելով խոսքն ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ այսօր խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները հանրահավաք էին կազմակերպել «Ազատության » հրապարակում՝ գործող իշխանությանը հեռացնելու նպատակով: Հանրահավաքին մասնակցում էր նաև հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: