Բացել լրահոսը Փակել լրահոսը
ջուր չկա
A A
Հասարակություն

Երեք ամիս է ջուր չունենք․ ահազանգ Էջմիածնից

Էջմիածին քաղաքի Մեսրոպ Մաշտոց փողոցի 22 շենքի 20-րդ բնակարանի բնակիչ Սարգիս Սիմոնյանը «Ա1+»-ի խմբագրություն էր զանգահարել դժգոհելու, որ արդեն տևական ժամանակ է՝ շուրջ 3 ամիս, իրենց շենքը ջրամատակարարման խնդիրներ ունի։

«Մեր ջրի գրաֆիկը սահմանված է այսպես՝ առավոտյան ժամը 7-ից մինչև կեսգիշեր՝ 24։00։ Ես 25 տարի է այդ շենքում եմ ապրում, և մենք միշտ էլ առավոտից երեկո ջուր ենք ունեցել։ Հիմա երեկոյան ժամը 19։00-ից հետո ջուր չենք ունենում։ Կարող է շաբաթը մի անգամ բախտներս բերի ու երեկոյան ջուր ունենանք»,- կեսկատակ-կեսլուրջ պատմում է Մաշտոց 22 շենքի 20 բնակարանի բնակիչ Սարգիս Սիմոնյանը։

Շենքի բնակչի խոսքով՝ բազմից զանգել են պատասխանատուներին, բայց ապարդյուն։

«Դաժե մեր տեսուչին ենք ասել, գնացել ենք Ջրմուղ, բայց էլի հարցը չի լուծվել։ Համարյա երեք ամիս է այդ խնդիրը կա՝ նորմալ ջուր չունենք։ Հիմա, որ զանգում ենք, հեռախոսին չեն պատասխանում»,- վրդովված պատմում է Սարգիս Սիմոնյանը։

Խնդրի պատճառները հասկանալու համար նախ փորձեցինք հասկանալ ինչ գրաֆիկով է Էջմիածին քաղաքում կատարվում ջրաբաշխումը։ Ըստ «Վեոլյա Ջուր» ընկերության հրապարակած գրաֆիկի՝ Էջմիածնում քաղաքացիները հնարավորություն ունեն առավոտյան 7-ից մինչև 24։00-ն ջուր ունենալ։

Կապ հաստատեցինք «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Էջմիածնի տեղամասի վթարային խմբի ղեկավար Խաչատուր Սողոմոնյանի հետ։

Ըստ Սողոմոնյանի՝ ջրամատակարարումներում առաջացած տատանումների պատճառը շուրջ հինգ կիլոմետր երկարությամբ քայքայված ջրագիծն է։

«Մենք աշխատանքներ ենք տանում ջրամատակարարման ուղղությունը փոխելու համար։ Ներկայիս ջրագիծն էլ հնարավոր չէ աշխատացնել։ Հիմա տատանումների դեպքում այդտեղ խնդիր է առաջանում։ Հատկապես երեկոյան ժամերին։ Մաշտոց փողոցում գտնվող շենքերի ջրային ցանցերը պետք է փոխվեն։ Նախագիծն արդեն հաստատված է, մրցույթ կհայտարարվի։ Դրանից հետո այդ տատանումներն էլ չեն լինի։ Ստաբիլ՝ 24 ժամ, առանց ընդհատումների ջուր կունենան մարդիկ», -պարզաբանեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Էջմիածնի տեղամասի վթարային խմբի ղեկավար Խաչատուր Սողոմոնյանը։