Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը հանդիպել է ԵՄ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Բրյուսելում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հանդիպումները Եվրոպական միության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարի պարտականությունները կատարող Մացեյ Պոպովսկիի, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Իզաբել Սանտոշի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դեվինի, ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի/Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի գրասենյակի ղեկավար Պեդրո Սեռանոյի, Եվրոպական խորհրդի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդականներ Սայմըն Մորդյուի և Մագդալենա Գրոնոյի հետ։

Հանդիպումների ընթացքում կողմերը բարձր գնահատեցին Հայաստանի և Եվրոպական միության արդյունավետ գործընկերությունը, անդրադարձան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարողականին, քննարկեցին ընդհանուր ԵՄ Արևելյան գործընկերության ձևաչափի հեռանկարները և ԱլԳ՝ Տնտեսական և ներդրումային ծրագրի և դրանից բխող ուղենշային նախաձեռնությունների իրականացման հետագա ընթացքը, կարևորեցին խորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաև մատնանշեցին ընթացիկ տարվա նշանակալի ձեռքբերումները ՀՀ-ԵՄ իրավապայմանագրային համագործակցության համատեքստում։

Անդրադարձ կատարվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերին, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակին։ Այս համատեքստում ևս մեկ անգամ ընդգծվեց հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ինտենսիվացման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում։ ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալական խոսքեր փոխանցեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին իր շարունակական ջանքերի համար՝ միտված մարդասիրական կարևորագույն հիմնախնդիրների կարգավորմանը և հաշտության ու խաղաղության հաստատման համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը:

Այցի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցեց նաև Եվրոպական քաղաքականության կենտրոնում կազմակերպված կլոր սեղան քննարկմանը, որի շրջանակներում մտքեր փոխանակվեցին Հայաստան-ԵՄ հարաբերությունների և գործընկերության հեռանկարների, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ներկա իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի և ԵԱՏՄ տարածաշրջանի նկատմամբ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների ազդեցության մասին։