Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Պաշտոնական

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրծկված առաջին հարցը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին 2020-2021 թվականների հաղորդումն էր։

Հարցի հիմնական զեկուցող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի դրույթներին համապատասխան՝ ԿԸՀ յուրաքանչյուր երկու տարին մեկ պետք է ներկայացնի հաղորդում իր կատարած աշխատանքների մասին։

«Նշյալ ժամանակահատվածում իրականացվել են հանրաքվեի նախապատրաստական աշխատանքներ և ՏԻՄ ընտրություններ։ 58 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, որոնցից 44-ը հանդիսանում են խոշորացված համայնքներ։ Աշխատանքը եղել է հսկայածավալ, որովհետև խոշորացված համայնքներում ընդգրկված են մեծ թվով բնակավայրեր, որտեղ պետք էր կազմակերպել քվեարկությունը»,- ընդգծեց Մուկուչյանը։

Անդրադառնալով 2020-ին ակնկալվող հանրաքվեին, Մուկուչյանը հիշեցրեց, որ քվեարկությունից 20 օր առաջ այն չեղարկվեց, սակայն մինչև չեղարկումը, նրա խոսքով, հսկայածավալ աշխատանք արդեն կատարվել էր։

«Ընդունվել էին բոլոր իրավական ակտերը, որոնք անհրաժեշտ էին հանրաքվեի գործընթացը կազմակերպելու համար։ Կազմավորվել էին տեղամասերը, նշանակվել էին տեղամասային կենտրոնները, համալրվել էին տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները ամբողջական կազմով։ Նշանակվել էին տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետները, մեկնարկել էր ուսուցման գործընթացը, որը, չեղարկմամբ պայմանավորված, երկու օր հետո դադարեցվեց»։

ԿԸՀ նախագահի խոսքով՝ քվեարկության ուղիղ ժամանակային ռեժիմով հեռարձակում էր նախատեսվում և աշխատանքների 80 տոկոսից ավելին իրականացված էր։ Տեղամասերում տեղադրվել էին տեսախցիկներ, ձեռք էր բերվել ծրագրային ապահովում։ Մուկուչյանը նշեց՝ օգտագործվող նյութերի 80 տոկոսից ավելին հետագայում օգտագործվել է այլ ընտրությունների ժամանակ։

Անդրադառնալով 2021-ին ընդունված նոր ընտրական օրենսգրքին Մուկուչյանը նշեց, որ իրականացվել են մեծածավալ ծրագրային ապահովման աշխատանքներ։ Փոխվել է ԿԸՀ կայքը՝ դառնալով ժամանակակից չափանիշներին համապատասխան։

Մուկուչյանը կարևորեց, որ ընտրություններում խոչընդոտներից ու անհարմարություններից խուսափելու համար երկու կայքերն էլ գործել են միաժամանակ։

Թվարկելով ԿԸՀ-ի կատարած աշխատանքները՝ Մուկուչյանը նշեց Էլեկտրոնային եղանակով ստուգումների առցանց ստորագրահավաքի համակարգը, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների հայտերի առցանց ներկայացման համակարգը։

Մուկուչյանի խոսքով՝ այն հնարավորություն է տալիս կուսակցություններին ավելի պարզեցված համակարգով իրականացնել իրենց նշանակումները, ինչը հնարավորություն է տալիս խուսափել մեխանիկական սխալներից։ Ստեղծվել է առցանց ուսուցման հարթակ՝ ընտրողների, դիտորդների, վստահված անձանց և ԶԼՄ-ների համար։