Գյումրու Բարեկամության զբոսայգու շինարարական աշխատանքները վերսկսվել են
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարվա մարտից վերսկսվել են Գյումրու Բարեկամության զբոսայգու շինարարական աշխատանքները։ Շառլ Ազնավուրի անվան հրապարակի մոտ տեղակայված և 7,2 հա տարածք զբաղեցնող այգու շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել էր դեռ 2021 թ․ հոկտեմբերին։ Հաշվի առնելով վերջին շաբաթների և ձմռան ամիսների անբարենպաստ եղանակային պայմանները, շինաշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին։
«Նոր թափով վերսկսել ենք աշխատանքները այգու տարածքում։ Այս փուլում կատարվում են արտաքին ինժեներական ենթակառուցվածքների՝ արտաքին ջրագծի, կոյուղու, ոռոգման համակարգի և էլեկտրական սնուցման մալուխների անցկացման աշխատանքները: Զուգահեռ ընթանում է նաև էլեկտրական ենթակայանի շինարությունը և բոլոր ճեմուղիների կառուցումը:
Սեպտեմբերի կեսին ավարտված կլինեն առաջին փուլով նախատեսված բոլոր աշխատանքները»,-ասում է զբոսայգու կառուցապատման աշխատանքների համակարգող Մուշեղ Գոնչոյանը։ Այգու վերակառուցման ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ որպես մասնավոր-հանրային համագործակցության և սոցիալ-տնտեսական զարգացման անդրանիկ մոդել Գյումրիում։
Այգու որոշ օբյեկտների շինարությունը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա սեպտեմբերի կեսին, որից հետո զբոսայգին բաց կլինի գյումրեցիների և քաղաքի հյուրերի համար։ 2023 թ․ աշնանը նախատեսվում է շահագործման հանձնել ամբողջ զբոսայգին իր բոլոր օբյեկտներով։
«Բարեկամության այգու ծրագրի շրջանակում Հայաստանում առաջին անգամ մշակվել է մասնակցային դիզայն- կոնցեպտ և այգին պետք է վերակառուցվի տեղի բնակիչների ակտիվ ներգրավվածությամբ։ Վերակառուցված այգին Հայաստանում կներդնի նոր մոդել կանաչապատ տարածքների ճիշտ գոտիավորման, պահպանման և կայուն զարգացման համար»,-ասում է TUF հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրերի ղեկավար Ելենա Մուրադյանը։
Այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 12 մլն դոլար, որից 4 մլն դոլարից ավելին ներդրվել է hիմնադրամի գործընկեր կազմակերպությունների և մի շարք անհատ բարերարների կողմից։