Բացել լրահոսը Փակել լրահոսը
1078938
A A
Պաշտոնական

Հայաստանը կհամագործակցի Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության հետ

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը մարտի 25-ին ընդունել է Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանին: 

Նախարարն ընդգծել է, որ արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակներում Եվրոպական միության հետ համագործակցությունն անգնահատելի դերակատարում ունի: Համագործակցության արդյունավետության մասին է վկայում նաև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև քրեական գործերով դատական համագործակցության մասին» համաձայնագրի շուրջ պաշտոնական բանակցություններ սկսելու երկկողմ պատրաստակամությունը: Համաձայնագրի ստորագրումը թույլ կտա տվյալների փոխանակման միջոցով համատեղ ուժերով դիմակայել կազմակերպված հանցավորության և ահաբեկչության հետևանքով առաջացած ներկա և ապագա մարտահրավերներին:

Հանդիպման ընթացքում նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրել է նաև արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումները:

Լադիսլավ Համրանը բարձր է գնահատել արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները և այդ հարցում Կառավարության վճռականությունը: Լադիսլավ Համրանը ընդգծել է, որ համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը ազդակն է նրա, որ Հայաստանը պատրաստակամ է համագործակցել այլ պետությունների հետ՝ հատկապես կազմակերպված հանցավորության, ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում:

Կողմերը վերահաստատել են երկկողմ հետաքրքրվածությունը համաձայնագրի շուրջ և պայմանավորվել ակտիվ բանակցային գործընթացը հասցնել իր տրամաբանական ավարտին՝ միևնույն ժամանակ ապահովելով համապատասխան երաշխիքներ՝ կապված անձի հիմնարար իրավունքների ու ազատությունների, այդ թվում՝ անձնական տվյալների գաղտնիության և պաշտպանության հետ: