Բացել լրահոսը Փակել լրահոսը
001 (11)
A A
Պաշտոնական Հասարակություն

Հայաստանի մարզերի և Արցախի դպրոցներին անհրաժեշտ են բնագիտական առարկաների ուսուցիչներ

Հայաստանի և Արցախի դպրոցական համայնքների շուրջ 30%-ում չկան համապատասխան ուսուցիչներ, և այդ պատճառով չեն դասավանդվում մի շարք բնագիտամաթեմատիկական առարկաներ, որոնք գիտական զարգացման տեսակետեից այսօր վայելում են առավել մեծ պահանջարկ ամբողջ աշխարհում։ Խնդիրը կարգավորելու նպատակով կրթության լիազոր մարմինը հանդես է եկել մի շարք օրենսդրական բարեփոխումների նախաձեռնություններով, որոնք պահանջում են տարիների ներդրում և հետևողականություն։

Նույն համատեքստում, «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամը, որն ունի ֆորմալ կրթության բնագավառում ուսուցիչների վերապատրաստման և գործուղման մոտ տասնամյա փորձառնություն, վերջերս հանրությանն ու ոլորտի փորձագետներին է ներկայացրել իր Tech4Armenia նախագիծը։ Այն համագործակցության է հրավիրում բարձր տեխնոլոգիաների (ԲՏ) ոլորտի ընկերություններին, որոնք պատրաստ են ընկերության աշխատակիցներին հնարավորություն ընձեռել դասավանդելու Հայաստանի մարզերում և Արցախում՝ առցանց ձևաչափով, պահպանելով իրենց հիմնական աշխատանքը։

«Դասավանդիր, Հայաստան»-ը տրամադրում է ամսական ֆինանսական աջակցություն (ի հավելումն իրենց ընկերության կողմից տրամադրվող աշխատավարձի և դպրոցի աշխատավարձի) բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներին՝ համայնքներում իրենց կացության ծախսերը հոգալու և մանկավարժական գործունեություն ծավալելու նպատակով։

«Հայաստանի զարգացման նախապայմաններից կարևորագույնը աշակերտների կարողությունների և հմտությունների զարգացումն է, և բոլորը համակարծիք են, որ երկրում առաջընթացի և դրական փոփոխությունների համար բարեփոխումները պետք է սկսել հենց դպրոցից, մինչդեռ դա անհնար է, քանի դեռ դպրոցներում բացակայում են համապատասխան կադրերը»,-ասաց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Տաղանդների հայթայթման գծով տնօրեն Գոռ Նազարյանը։

Նշենք, որ այս նախաձեռնությունն արդեն իսկ հավանության է արժանացել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից։ Ներկայումս բարձր տեխլոգիաների ոլորտի մասնագետների հետ տարվում են ակտիվ աշխատանքներ նրանց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրում ներգրավելու համար։

«Tech4Armenia»-ն հնարավորություն է՝ միավորելու պետական, հանրային, մասնավոր կառույցների և անհատների ջանքերը մեկ գաղափարի շուրջ, որն է՝ կրթությունը դարձնել որակյալ և հասանելի Հայաստանի և Արցախի բոլոր երեխաների համար։ Այս տարիների ընթացքում շատերն են նշել, որ սիրով կմիանային նման ծրագրի, եթե հնարավոր լիներ միաժամանակ պահպանել իրենց հիմնական աշխատանքը։

Ըստ էության, «Tech4Armenia»-ն հենց այն գործնական հարթակն է, որը կարող է թրծել մասնագետին, միևնույն ժամանակ, խթանել մեր երկրի գիտության զարգացումը, և ամենակարևորը՝ երիտասարդ մասնագետներին տալ ուսուցչի բարձր կոչումը կրելու հնարավորություն»,- նշում է Գոռ Նազարյանը։

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամ