Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Ճիշտն այն է, որ երիտասարդ կոմպոզիտորների գործերը առաջին անգամ հայրենիքում հնչեն, հետո՝ արտերկրում (տեսանյութ)

«Երկիրը պետք է ձևավորի երաժշտարվեստի իր առաջարկը աշխարհին։ Իսկ դրա համար պետք է կատարվեն մեր կոմպոզիտորների ստեղծագործությունները, և այս առումով Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը մեր հեղինակների համար մեծ իմպուլս է»,- փառատոնին ընդառաջ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը։

Նա նաև ընդգծեց, որ թերևս կարևոր է, որ բացի այն, որ այս տարիներին անկացված փառատոնների ընթացքում կատարվել են հայ կոմպոզիտորների գործերը, նաև ձայնագրվել են և արդեն կա մեծ արխիվ։

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը թվով 13-րդն է։ Փառատոնի բացման համերգը կկայանա մարտի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի խոսքով կարևոր է, որ փառատոնի ընթացքում հնչելու են ինչպես երիտասարդ, այնպես և կայացած կոմպոզիտորների գործեր։

«Ուրախ եմ, որ մեր երիտասարդ հեղինակների գործերը պետք է կատարվեն։ Ճիշտն այն է, որ առաջին անգամ հայրենիքում հնչի, հետո արդեն արտերկրում ներկայացվի։ Հայ շատ հեղինակներ, որոնց գործերն այսօր հնչում են արտերկրում, կայացել են այստեղ։ Խորհրդային տարիներին Հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախումբը, որի ղեկավարն էր Ռաֆայել Մանգասարյանը, պարտադիր հնչեցնում էր երիտասարդ կոմպոզիտորների գործերը»,- ասաց պարոն Սաթյանն ու հավելեց, որ պետք է պատվերներ տալ կոմպոզիտորներին գրելու այս կամ այն գործիքի, կամ թե կազմի համար։ Անհրաժեշտ է պատվիրել ստեղծագործություններ նաև երեխաների համար։

Ի դեպ, փառատոնի բացմանը կկայանա կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանի «Սիմֆոնիկ հայկական պարեր» ստեղծագործության պրեմիերան, որը պատվիրել են կոմպոզիտորին հենց այս փառատոնի համար։

Փառատոնի ընթացքում կնշվեն նաև Էդուարդ Բաղդասարյանի և Օհան Դուրյանի 100- ամյա հոբելյանները։ Առաջին անգամ կհնչի Բաղդասարյանի դաշնամուրային կոնցերտի որի նոտաները նոր են գտել և կոնցերտի առաջին մասը կկատարի դաշնակահար Արմինե Գրիգորյանը։