Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hff bzishk
A A
Սպորտ

ՀՖՖ բժշկական դեպարտամենտի ներկայացուցիչների այցը Իսպանիա

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բժշկական դեպարտամենտի ներկայացուցիչները վերջերս մեկնել էին Իսպանիա։ Դեպարտամենտի ղեկավար Նարեկ Վանեսյանը ՀՖՖ պաշտոնական կայքին ներկայացրել է այդ այցի մանրամասները:

«Հաշվի առնելով՝ որքան զարգացած է բժշկական ծառայությունների ոլորտն Իսպանիայում, մեր բժիշկների համար շատ կարևոր էր տեղում ծանոթանալ ինչպես տարբեր գործընթացներին, այնպես էլ ենթակառուցվածքներին: Մեզ մեծ աջակցություն ցուցաբերեց Հայաստանի հավաքականի ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսը, ով ամբողջ ընթացքում ուղեկցում էր մեզ: Հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն ևս նպաստեց մի շարք հանդիպումների կայացմանը: Նրանց շնորհիվ մենք այցելեցինք Մադրիդի «Ռեալի» մարզաբազա, որտեղ հանդիպեցինք ակումբի բժշկական ծառայության ղեկավար Նիկո Միհիչի հետ: Այցելեցինք Իսպանիայի Օլիմպիական կոմիտե, ինչպես նաև Մադրիդի «Ատլետիկոյի» մարզաբազա: Երկու տեղերում էլ պայմանավորվեցինք միմյանց փորձառությանը ծանոթանալու նպատակով իրականացնել բժիշկների ճանաչողական այցեր:

Շատ հագեցած էր այցելությունը Վիրաբուժության սիմուլյացիայի կենտրոն, որտեղ պայմանավորվածություններ ձեռք բերեցինք իրականացնել մարզական վերականգնողական թիրախավորված ծրագրեր: Մասնակցեցինք նաև վնասվածքաբանների և սպորտային բժիշկների համար նախատեսված կոնֆերանսի, որը նվիրված էր  նյարդամկանային սինապսի վնասվածքների արդյունքում մարզիկների վերականգնմանը:

Մասնակցեցինք Սան Ռաֆայել կլինիկայում կազմակերպված ներկայացուչական կոնֆերանսին,  որին հաջորդեց շրջայցը Սան Ռաֆայել մասնավոր բժշկական կենտրոնում: Այս կլինիկայում տարվող աշխատանքները մեզ համար կարևոր էր, քանի որ հենց այս հաստատությունում են պարբերաբար բուժում ստանում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները», - ասել է բժշկական դեպարտամենտի ղեկավարը: