Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ութ օր Արցախում գազ չլինելը չի հուզում իշխանություններին․ «5165 շարժման» հիմնադիր անդամ (տեսանյութ)

Այսօր «5165 շարժման» հրավիրված ասուլիսին Արցախի հարցում վերջին զարգացումների թեման էր քննարկվում, որի նպատակն է հանրությանն իրազեկել ընթացիկ վտանգավոր գործընթացների վերաբերյալ։

Ասուլիսում շոշափվեցին հետևյալ հարցերը․ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի 5 առաջարկները և պաշտոնական Երևանի արձագանքը, Էներգետիկ ճգնաժամն Արցախում, որը հումանիտար լուրջ խնդիրներ է ստեղծում, ՀՀ իշխանությունների անգործությունը այս հարցում, ՀՀ բարձրագույն ղեկավարության վերջին շրջանի դիվանագիտական քայլերի գնահատականը։

Նշված հարցերի շուրջ «5165 շարժման» դիրքորոշումները ներկայացրեցին շարժման հիմնադիր անդամներ Մենուա Սողոմոնյանը և Հովհաննես Ղազարյանը։

Հովհաննես Ղազարյանն, անդրադառնալով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կողմից հնչեցված դիրքորոշումներին, ասաց, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Ինչ վերաբերում է նախապայմանների թեմային, Հովհաննես Ղազարյանն ասաց, որ Հայաստանը պետք է նախապայմաններ առաջարկեր հատկապես գերիների մասով։

«Փորձ է արվում Արցախյան հիմնախնդիրը ներկայացնել հումանիտար տեսանկյունից։ Սրանք վտանգավոր զարգացումներ են և հնարավորություններ են ընձեռելու Ադրբեջանին»,-ասաց Ղազարյանը։

«Պետք է ՀՀ իշխանությունները վերահաստատեն, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի կարող լինել՝ նման պահանջ է ներկայացնում շարժումը»,- ասաց Մենուա Սողոմոնյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչ է առաջարկում կամ պահանջում «5165 շարժումը»։

«Սա ազգերի ինքնորոշման խնդիր է, և արցախցիները պետք է այդ տարածքի վրա ինքնորոշվեն»,- ասաց Հովհաննես Ղազարյանը՝ հակադարձելով այն թեզին, որ սա Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճ չէ։

Մենուա Սողոմոնյանն անդրադարձավ Արցախում ստեղծված հումանիտար աղետին։

«Ութ օր Արցախում գազ չլինելը չի հուզում իշխանություններին», -ասաց Սողոմոնյանը՝ նշելով, որ հակառակ դեպքում իշխանությունը կարձագանքեր և կդիմեր համապատասխան միջազգային կառուցներին խնդիրը լուծելու համար։

Շարժման ներկայացուցիչները նշեցին, որ իրենք արտախորհրդարանական ընդդիմություն են՝ այս հարցերի լուծման համար լծակներ չունեն և ժողովրդի համախմբման դեպքում կկարողանան գնալ խնդիրների լուծմանը։

«Ա1+»-ի հարցին՝ իսկ ի՞նչ է անում խորհրդարանական ընդդիմությունը այս հարցերի լուծման համար, Հովհաննես Ղազարյանն ասաց, որ խորհրդարանական ընդդիմությունն էլ պետք է անցում կատարի հստակ քայլերի՝ խորհրդարանական ամբիոնն օգտագործի։ Մենուա Սողոմոնյանն էլ, հավելելով գործընկերոջ խոսքին, ասաց, որ խորհրդարանական ընդդիմությունը պետք է տորպեդահարեր նախագահի ընտրությունը, հնչեին ելույթներ, հարցեր, պետք է ՍԴ-ում վիճարկեին այս ընտրությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։