Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ինչով էին նման, ինչով՝ տարբեր չորրորդ և հինգերորդ նախագահների երդմնակալությունները

Վահագն Խաչատուրյանը երկրորդ նախագահն է, որին  ոչ թե ընտրել են ՀՀ քաղաքացիներն ուղիղ ընտրությամբ, այլ ԱԺ-ը։ Առաջինը Արմեն Սարգսյանն էր։

Հայաստանի  չորրորդ և հինգերորդ նախագահների պաշտոնի ստանձնման արարողությունները արարողակարգային առումով գրեթե նույնն էին։

Հնդիսավոր կերպով Մարզահամերգային համալիր բերվեցին պետական խորհրդանիշները, ԱԺ հատուկ նիստում նախագահը երդվեց,  օրհնության խոսք ասաց Ամենայն հայոց կաթողիկոսը, ապա ելութ ունեցավ նորընտիր նախագահը։

Բայց սա միայն առաջին հայացքից էր նույնը։

2018 թվականին, երբ նախագահի պաշտոն էր ստանձնում Արմեն Սարգսյանը խորհրդարանական ընդդիմությունը մասնակցում էր երդման արարողությանը, իսկ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությանը ընդդիմադիրների աթոռն այդպես էլ դատարկ մնաց։

Եթե համամատենք Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության խոսքը չորրորդ և հինգերորդ նախագահներին, ապա Արմեն Սարգսյանին ուղղվեցին գովազանքի խոսքեր, Վահագն Խաչատուրյանի մասին ոչ մի խոսք՝միայն  մտահոգություններ։

«Մեր երկրի կյանքում Դուք արդյունավոր ջանքեր եք բերել որպես ՀՀ վարչապետ, հաջողություններ արձանագրել դիվանագիտական ասպարեզում, նաև ազնիվ բարեգործություններով ներդրում բերել ազգային-եկեղեցական մեր անդաստանում»,-Արմեն Սարգսյանին ներկայացնելով՝ 2018-ին այսպես ասաց Կաթողիկոսը: 

Իսկ 4 տարի անց՝ Վահագն Խաչատուրյանին ուղղելով խոսքը, այսպես․  «Ամենքս այսօր մտահոգ ենք մեր երկրի իրավիճակով, երերուն է խաղաղությունը Հայաստանում ու Արցախում, ծառացած են արցախահայության իրավունքների պաշտպանության և հակամարտության խաղաղ ու արդար կարգավորման հարցերը, և ապագան անորոշություններ է պարունակում»։ 

2018-ին չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ելույթում գնահատանքի խոսք հղեց ՀՀ  նախորդ 3 նախագաներին՝ կարևորելով վերջիններիս կատարած աշխատանքը։

«Ես մեծապես գնահատում եմ այն վիթխարի աշխատանքը, որ մեր ժողովրդի տոկունության, համբերության և հերոսության շնորհիվ` ու, շատ հաճախ, նաև նրա մեծ զրկանքների գնով, վերջին երեք տասնամյակի ընթացքում կատարվել է Հանրապետության երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Իսկ Վահագն Խաչատուրյանն, ընդհակառակը, խոսում էր պետական ինստիտուտների դերի մասին՝ նշելով, որ դրանք վտանգավորն են դառնում են, երբ դրանք գործում են Սահմանադրությունից և օրենքներից դուրս՝ արժեզրկելով, բարոյազրկելով արժեքային այն ամբողջ համակարգը․

«Արդյունքում պետությունը վերածվում է մի խումբ մարդկանց շահերը սպասարկող մեծ պատժիչ մեքենայի, որն էլ ի վերջո խոչընդոտում է զարգացմանը, ցանկացած նոր մտահղացումներին, առաջընթացին: Ցավոք սրտի, այս ամենի ականատես կամ մասնակիցը ոչ վաղ անցյալում եղել ենք նաև մենք»:

 

Այն ժամանակ՝ 2018-ին Արմեն Սարգսյանը, խոսելով Արցախի մասին, նշեց,  որ հանուն Արցախի մղած հաղթական ազատամարտը մեզ վերադարձրեց մեր ազգային արժանապատվությունը:

«Եվ այսօր, որևէ մեկը թող չկասկածի, որ Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը կանգնած է Արցախի թիկունքին ու պայքարելու է նրա արդար իրավունքների համար. երեկ, այսօր և վաղը»,- ասում էր ՀՀ չորրորդ նախագահը:

Վահագն Խաչատուրյանն էլ  համոզմունք հայտնեց, թե բոլորս էլ ունենք մեր պատկերացումները երկրի, պետության, համայն հայության, Արցախի ապագայի մասին․ «Երբ պատերազմի վերքերը դեռ չեն սպիացել, երբ դեռևս չեն վերացել նոր բախումների և պատերազմների հնարավորությունները, երբ Արցախի մեր հայրենակիցների՝ իրենց հողում ապրելու իրավունքը դեռևս ապահովագրված չէ, մեզ բոլորիս, մեր պետությանը՝ Հայաստանի Հանրապետությանը, առավել քան հարկավոր է համբերություն, միասնություն, հույս, հավատ, սեր՝ մեր հայրենիքի, միմյանց նկատմամբ, որպեսզի իրար հետ միաբան աշխատենք և կերտենք մեր նոր Հայաստանը»:

Թերևս չորրորդ և հինգերորդ նախագահների խոսքում մեկ ընդհանուր միտք կար, որ մենք ապրում ենք անընդհատ փոփոխվող աշխարհում։

«Եվ մեզնից է կախված, կարողանալո՞ւ ենք, արդյոք, օգտվել այդ պատմական հնարավորություններից: Մեզնից է կախված, թե 21-րդ դարում ինչպիսի Հայաստան ենք ուզում կերտել: Հայաստան, որն ընդունակ կլինի դիմագրավել դարի մարտահրավերներին և արժանի տեղ գրավել առաջավոր ազգերի շարքում»,-ասում էր Արմեն Սարգսյանը։

Իսկ Վահագն Խաչատուրյանը չորս տարի անց լրացնում․ «Այս իրավիճակում չափազանց կարևոր է, թե մենք ինչ պետություն ենք կառուցելու: Ի վերջո, պետություն ունենալը մեր ինքնատիպ տեսակը պահպանելն է, զարգացնելը և այլ ազգերի հետ հարաբերվելու նոր հնարավորություններ ստանալը»:

ՀՀ չորրորդ և հինգերորդ նախագահների պաշտոնավարման ժամկետը սահմանված է 7 տարի։ Արմեն Սարգսյանը պաշտոնավարման չորրորդ տարում հրաժարական տվեց, իսկ կպաշտոնավարի՞ արդյոք Վահագն Խաչատուրյանը մինչև ժամկետի ավարտը,  ցույց կտա ժամանակը։