Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Հասարակություն

Աորտալ փականի պրոթեզավորում՝ փակ եղանակով․ եվս մեկ բացառիկ վիրահատություն՝ Best life ԲԿ-ում

Եւս մեկ բացառիկ վիրահատություն Best life  հայ- ճապոնական բժշկական կենտրոնում։ Օրեր առաջ ԲԿ-ում առաջին անգամ անցկացվել է աորտալ փականի պրոթեզավորման տրանսկատետորային  վիրահատություն, որն առավել հայտնի է TAVI անվամբ:

Աորտալ փականի իմպլատացիայի տրանսկատետորային վիրահատությունը  աորտալ փականի արատների բուժման սակավ ինվազիվ միջամտություն է։ Փակ վիրահատություն է, առանց պացիենտի կրծքավանդակը բացելու։

 Այն հատկապես ցուցված է տարեց մարդկանց, ովքեր ունեն բաց վիրահատության հակացուցումներ:

Վիրահատությունն անցկացվել է Best life  հայ- ճապոնական բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, ինտերվենցիոն վիրաբույժ Կարեն  Համբարձումյանի, անոթային վիրաբույժ Մեսրոպ  Շատախյանի կողմից։ Վիրահատությանը մասնակցել են նաեւ Նուրսուլթանի կարդիովիրաբուժության ազգային հետազոտական կենտրոնից ժամանած բժիշկներ Սերիկ Ալիմբայեվը և Աբդուրաշիդ Մուսսայեվը։

Վիրահատությունը կրել է նաև ուսուցողական բնույթ, որպեսզի հնարավոր լինի  հետագայում բժշկական կենտրոնում այն առօրյա միջամտություն դարձնել:

Պացիենտը 67-ամյա տղամարդ էր, որը կարիք ուներ աորտալ փականի պրոթեզավորման։ Սակայն, ինչպես նշում է վիրաբույժ Կարեն  Համբարձումյանը, բաց վիրահատական ռիսկերը շատ շատ էին։ Պացիենտի՝ ուղեղ գնացող անոթներն էլ էին նեղացած, բացի այդ՝ մասնագետները ստիպված էին լինելու երկրորդ անգամ բաց վիրատության ենթարկել նրան, քանի որ նախկինում կատարված էր աորտոկորոնար շունտավորում։ Հաշվի առնելով բոլոր այս ռիսկերը՝ որոշում է կայացվել անցկացնել աորտալ փականի պրոթեզավորման տրանսկատետորային  վիրահատություն։

Այս վիրահատությունը յուրահատուկ է նրանով, որ ամբողջ աշխարհում ընդամենը մի քանի տարի է, որ նման եղանակով աորտալ փականի պրոթեզավորում է կատարվում։

Հայաստանում այս վիրահատությունից երկու անգամ է կատարվել՝ դրսից ժամանած մասնագետների կողմից։ Երրորդն արդեն իրականացվեց Best life  հայ- ճապոնական բժշկական կենտրոնում։

Հարկ է նշել նաեւ, որ պացիենտը վիրահատությունից մի քանի օր անց դուրս է գրվել ԲԿ-ից։

Կարեն  Համբարձումյանի խոսքով՝ քանի որ այս վիրահատության պարագայում պացիենտի կրծքավանդակը չի բացվում, նա կարիք չունի անցնելու հետվիրահատական շրջան։