Բացել լրահոսը Փակել լրահոսը
B75I4020 (1)
A A
Քաղաքականություն

Առաջիկայում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» մեկ-երկու նշանակումներ  կիրականացնենք․ Փաշինյան

Կառավարության նիստում Վարչապետն անդրադարձել է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի վերաբերյալ քրեական գործին. «Մի քանի օր առաջ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն տարածեց, որ քրեական գործի շրջանակում, որը հարուցված էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» կողմից հարկային պարտավորությունները չկատարելու հետ, պետական բյուջե է վերականգնվել 15 միլիարդ դրամ, որը վերջին տարիների երևի ամենախոշոր վերականգնումներից մեկն է»:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել այդ քրեական գործի վերաբերյալ: «Եթե հիշողությունս չի դավաճանում, քրեական գործի շրջանակում սա ամենամեծ վերականգնումն է: Բազմադրվագ քրեական գործ էր քննվում, կոնկրետ ՍՊՄԿ-ին առնչվող դրվագը կապված է 2016-17 թվականներին կնքված սթրիմինգային պայմանագրերի հետ, որի միջոցով քրեական գործով ձեռք են բերվել ապացույցներ, որոնք վկայում են այն մասին, որ դա նպատակ է ունեցել հարկվող շահույթը քայքայելու: Քրեական գործի շրջանակում ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք էր առաջադրվել ՍՊՄԿ-ի նախկին տնօրենին, ով մեղադրանքն ընդունել է:

Նշանակվել է նաև ստուգում, համալիր հարկային ստուգման մասին է խոսքը, որի շրջանակում էլ հենց ձեռք բերված ապացույցների հիման վրա և ստուգման ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա կազմվել է ակտ: Հիմնականում ռոյալթիի և շահութահարկի դրվագներով և ընկերությանն առաջադրվել է 15 միլիարդի պարտավորություն: Այս ստուգման ակտը կազմվել է 2021 թվականի դեկտեմբերի վերջին: Ակտի դեմ առարկություններ չեն ներկայացվել, չի բողոքարկվել ակտը և ժամկետը լրանալուն պես՝ անբողոքարկելի դառնալուն, վճարումը կատարվել է և արդեն ունենք պետական բյուջեի եկամուտներ շուրջ 15 միլիարդի չափով»,- ասել է Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ   15 միլիարդը չի վճարվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի առկա ակտիվներից,  վճարումը կատարվել է ֆիզիկական անձի կողմից:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այլևս համասեփականատեր է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի»: Մենք նաև այս ընթացքում տնօրենների խորհրդում մեր ներկայացուցչին ենք նշանակել և առաջիկայում մեկ-երկու տեղերում այլ նշանակումներ ևս  կիրականացնենք: Բայց շատ մեծ տնտեսություն է և այդ տնտեսության մասին ամբողջական պատկեր կազմելը և արդյունավետության մակարդակը բարձրացնելը դեռ ժամանակ կպահանջի»: