Սյուների թիվը պատահական է (տեսանյութ)
43 տարի առաջ հենց այս օրը Ծիծեռնակաբերդի բարձունքում հառնեց 1915թ.-ի զոհերին նվիրված հուշակոթողը:
Ճարտարապետներ Սաշուր Քալաշյանն ու Արթուր Թարխանյանը հուշակոթողի հիմքում դրել են հետևյալ իմաստը. մի մեծ գերեզմանատապան, որի կուրծքը պատռվել է զոհվածների հոգիների վերքերից` հատուցում չստանալու պատճառով և երկծիլ վեր խոյացող բույս որպես ժողովրդի վերածննդի խորհրդանիշ:
«Մարդիկ կան, որ ասում են` այդ 12 սյուները Արևմտյան Հայաստանի 12 վիլայեթներն են կամ 12 առաքյալները: Նման բան չկա: Ինձ համար կարևոր է կոթողի հարմոնիան: Մենք փորձել ենք մի քանի տարբերակ` չորս, ութ, տասնվեց սյուներ, բայց ամենագեղեցիկը եղավ տասներկուսով»,-ասաց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:
Երբ 1965թ-ին Խորհրդային Հայաստանում որոշում կայացվեց, որ հայ ժողովուրդը պետք է ունենա 1915թ-ի եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող, ըստ ճարտարապետ Սաշուր Քալաշյանի, կառավարությունը չգիտեր թե ինչ պահանջի նախագծողներից, քանի որ մինչ այդ աշխարհում նման հուշակոթողի նախադեպ չեր եղել:
«Ի վերջո որոշվեց, որ գլխավոր խնդիրը մենակ ողբերգությունը ցույց տալը չպետք է լինի, այլ այն, որ չնայած մեր ժողովրդի հետ պատահած դժբախտությանը, ազգը գոյատևում, վերածնունդ է ապրում և նրան փայլում ապագա է սպասվում»,-ասաց ճարտարապետը:
Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողի կողքին հանգչում են նաեւ Արցախյան հերոսամարտի առաջին չորս զոհերի շիրիմները: Անկախ Արցախյան հերոսամարտի զոհերի նկատմամբ հարգանքից` Ճարտարապետը կարծում է, որ նրանց աճյունները պետք է տեղափոխել Եռաբլուր:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նախագծել է նաև 1915թ.-ի հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենքը և այս պահին հեղինակը աշխատում է այն ընդլայնելու ուղղությամբ: