Այո, մենք հիմա ուղիղ սպառնալիքի տակ ենք․ Ռուբեն Մեհրաբյան
Աջակցիր «Ա1+»-ին«Ա1+»-ի հարցերին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը
-Ուկրաինայի տարածքում այս պահին ռազմական գործողություններ են ընթանում։ Սա կանխատեսված լայնածավալ պատերազմի սկի՞զբն է, թե՞ այն ավելի հեռուն չի գնալու։
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, ստիպում է փաստել, որ այս օրը որպես «սև օր» մտնելու է պատմության մեջ։ Տեղի է ունենում Ռուսաստանի միանգամայն անօրինական ներխուժում ինքնիշխան Ուկրաինայի տարածք, ինչը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, միջազգային նորմերը։ Սա, ըստ էության, հանցագործություն է ընդդեմ մարդկության, ինչի համար վաղ թե ուշ Ռուսաստանը որպես պետություն պատժվելու է միջազգային հանրության կողմից։ Համոզված եմ՝ հիմնական հայտը դա գինն է, որը քաղաքակրթությունը պետք է վճարի այս սպառնալիքը չեզոքացնելու համար։
-Ձեզ համար հասկանելի՞ է Պուտինի քայլերի հիմնական տրամաբանությունը։
-Այո, հիմնական տրամաբանությունն է լիկվիդացնել Ուկրաինական պետությունը և ստեղծել ԽՍՀՄ 2։ Այս ճանապարհին ոսկորը, որը մնացել է ռուսական իմպերիալիզմի «բկին» դա Ուկրաինան է։
-Իսկ այլ «ոսկորներ» չկա՞ն։
-Մնացածը մանր ոսկորներ են, որը նրանք կամ «կծամեն», կամ «կլպստեն»։ Այսօր այդ հանցագործ պրոեկտի ապագան որոշվում է Ուկրաինայում և վերջինս կռվում է բոլոր հետխորհրդային երկրների համար։
-Իսկ, եթե Արևմուտքը կամ ՆԱՏՕ-ն չօգնեն ու կրկնվի 2014-ի Ղրիմի սցենարը ապա․․․․
-Չի լինելու դա։ Սա ոչ միայն և ոչ այնքան ներխուժում է Ուկրաինայի տարածք, որքան սա մարտահրավեր է ընդհանրապես քաղաքակրթությանը։ Արևմուտքը սա չի ներելու։ Չի ներելու ուղղակի։
-Հայաստանի հետ կապված ի՞նչ վտանգներ եք տեսնում այս պահին
-Որպես փոքր երկրի՝ մեզ համար վտանգ է այն ամենը, ինչ տեղի է ունենում աշխարհակարգը ջարդելու հետևանքով, ինչը այսօր իրագործում է Ռուսաստանը։ Դա նշանակում է, որ չի գործում միջազգային իրավունքը, իսկ ուժի գործադրումը նորմա է։ Եվ այո, մենք հիմա ուղիղ սպառնալիքի տակ ենք։