Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վեդիի ջրամբարի կառուցում
A A
Պաշտոնական

Մինչև տարեվերջ կավարտվեն Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները

Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Վեդու ջրամբարի կառուցման դրամաշնորհային ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ. պատվարի հիմնական կառուցման աշխատանքները մոտ 80 տոկոսով իրականացված են, այս տարվա վերջ ջրամբարի կառուցումը կավարտվի:

«Բայց մյուս համակարգներն այնպես են կառուցված, որ այն գետերից հոսքերը, որ պետք է գան ու լցվեն ջրամբարը, գալիս, ջրամբարի տարածքով անցնում են ու ոռոգման սեզոնին ծառայեցվում բնակչությանը, մինչև ջրամբարը կլցնենք ամբողջովին», - ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ շուրջ 15 նոր փոքր ջրամբար կառուցելու անհրաժեշտության մասին խոսվել է նաև նախընտրական շրջանում. «Մենք հիմա այդ ծրագրի ուղղությամբ էլ որոշակի առաջընթաց ունենք: 2022թ. բյուջեով 2 մլրդ դրամ ենք հատկացրել ջրամբարների նախագծման համար: Սկսում ենք նաև Քասախի, Արգիճի, Աստղաձորի, Ելփինի, Արթիկի, Լիճքի և Եղվարդի ջրամբարների նախագծման աշխատանքները:

Ընդ որում, շատ կարևոր է ընդգծել, որ մենք, ինչպես նախկինում պայմանավորվել ենք, այս նախագծման աշխատանքների ընթացքում, դիտարկում ենք նաև էներգետիկ հնարավորությունները, թե ինչքանով կարող են այդ ջրամբարները էներգետիկ պոտենցիալ ունենալ: Այսինքն՝ ջրամբարների կամ հոսքերի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու, տեղադրելու նպատակահարմարությունը»: