Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հայաստանը կարող էր չերաշխավորել Ադրբեջանի պատվիրակության անվտանգությունը (տեսանյութ)

Հայաստան այցելացած Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների այցը զայրացրել է մեր հայրենակիցներից շատերին։ 

Այսօր, «Մարիոթ» հյուրանոցի դմաց, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել։

Ակցիայի կազմակերպիչներից մի քանիսը «Ա1+»-ի հետ զրույցում նշեցին, որ անընդունելի են համարում ադրբեջանցի պատգամավորների այցը Հայաստան, այն դեպքում, երբ Ալիևը հայտարարել էր, որ ադրբեջանցիները կգնան Երևան և դա կլինի ոչ ռազմական ճանապարհով, այլ խաղաղ։ 

Ակցիայի մասնակիցները կարծում են՝ հնարավոր էր այնպես անել, որ Եվրանեսթի շրջանակներում ադրբեջանցիների այցը չեղարկվեր, կամ հանդիպումը տեղի ունենար որևէ երրորդ երկրում։

Նաև նշում էին, որ Նիկոլ Փաշինյանը ոստիկաններ է հանել, ովքեր պաշտպանելու են թշնամի երկրի պատգամավորների անվտանգությունը, երբ ադրբեջանական բանտերում խոշտանգվում են մեր հայրենակիցները։

Ակցիային մասնակցում էր նաև Արցախի հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսյա Հակոբյանը։ Նա նշեց, որ 44-օրյա պատերազմում խայտառակ պարտությունից և Արցախի տարածքի 75 տոկոսը հանձնելուց հետո ընդունել Ադրբեջանի պատվիրակներին՝ անընդունելի է։ 

«Ա1+»-ի դիտարկմանը, թե Երևանում ապրող Արցախից տեղահանվածները պահանջում են փախստականի կարգավիճակ, պատգամավորն ասաց, որ պետական մակարդակով այս հարցը բնականաբար լուծում ստանալ չի կարող և նշեց, որ այստեղ բնակվող արցախցիները ճարահատյալ են նման պահանջներ ներկայացնում, որովհետև, թե՛ Հայաստանի թե՛ Արցախի իշխանությունները պատշաճ ուշադրություն չեն դարձնում տեղահանվածների խնդրին։

Մանրամասները՝ տեսանյութում։