Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական Հասարակություն

Տվյալներ երեկվա երկրաշարժից․ այս պահի դրությամբ ունենք 165 հետցնցում (տեսանյութ)

Երեկ փետրվարի 13-ին տեղական ժամանակով 22։25-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրային 13կմ դեպի հյուսիս-արևելք տեղի է ունեցել 5․4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնություն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ։

Օպերատիվ հաղորդագրությունից հետո մի փոքր էպիկենտրոնը փոխվել է 3 կիլոմետրով, մագնիտուդը ավելացել է 0,2-բալով։

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանն այս թեմայով այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց, որ տվյալների նման շեղումը պայմանավորված էր ոչ օպերատիվ աշխատանքների ժամանակ օգտագործվող հավելյալ տվյալներով՝ մասնավորապես հարևան պետություններից ստացված։

ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքով՝ երկրաշարժը Շիրակի մարզում զգացվել է 6-7 բալ, Լոռու մարզում 5-6 բալ, իսկ էպիկենտրոնին մոտ գտնվող տարածքներում մինչև 7 բալ։

Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում, Արմավիրում, ինչպես նաև Երևան քաղաքում երկրաշարժը զգացվել է՝ 5, 4, 3 բալ ուժգնությամբ։

«Մեր մասնագիտական խմբերը գտնվում են մարզերում, իրականացնում մակրոսեյսմիկ հետազոտություններ»,- նշեց Սոս Մարգարյանը։

Սոս Մարգարյանը հիշեցրեց՝ տարածաշրջանի բոլոր երկրներն էլ սեյսմոկատիվ գոտում են գտնվում։

«Այս պահի դրությամբ ունենք 165 հետցնցում, որոնցից ամենաուժեղը 3 մագնիտուդով է։ Սա չափավոր ուժեղ երկրաշարժ էր, որի հետցնցումները կարող են տևել մի փոքր ավելի»,-ընգծեց Մարգարյանը։

Նրա խոսքով՝ պաշտոնական հաղորդագրություններին երբեմն հաջորդում են տեղեկությունները, թե այսինչ օրը այս ժամին երկրաշարժ է լինելու։ Սա, Մարգարյանի խոսքով, միայն խոչընդոտում է ԱԻՆ-ի աշխատանքին։