Ադրբեջանցիների արձակած գնդակներից մեկը խոցել է Արցախի բնակչի տան պատուհանը և թափանցել հյուրասենյակ․ ԱՀ դատախազություն
Աջակցիր «Ա1+»-ինՍույն թվականի փետրվարի 11-ին ժամը 06:00-ի սահմաններում Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցներ են արձակվել բնակելի տների ուղղությամբ, որի հետևանքով գնդակներից մեկը խոցել է նշված գյուղի բնակչի տան պատուհանը և թափանցել հյուրասենյակ: Բարեբախտաբար դեպքի պահին սենյակում գտնվող՝ տանտիրոջ անչափահաս երեխաներն ու կինը չեն վնասվել: Հայտնում է ԱՀ Դատախազությունը։
Դեպքի մասին հաղորդվելուց հետո ԱՀ ոստիկանության ծառայողներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, տեղում իրականացվում են հանցագործության նյութական հետքերի հայտնաբերմանն ու ամրագրմանն ուղղված գործողություններ:
ԱՀ դատախազության կողմից դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին:
Դեպքի կապակցությամբ իրականացվող մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացվում է ԱՀ Մարտունու շրջանի դատախազության կողմից: