Հայ-թուրքական «կարգավորում»․ սպասելիքներ՝ ասիմետրիայի ֆոնին
Աջակցիր «Ա1+»-ինՌիչարդ Կիրակոսյան
2020 թ-ի 44-օրյա պատերազմի աննախադեպ կորուստները Ղարաբաղում Հայաստանի համար դարձան մի փուլի սկիզբ, որը բնորոշվում է անորոշությամբ և անվտանգության ոլորտի խնդիրներով։
Բախվելով պարտության դաժան իրականությանը՝ Հայաստանը փորձեց հարմարվել նոր իրականությանն ու հետպատերազմյան նոր ռազմավարություն ստեղծել, որը կօգնի չնախատեսված խնդիրների լուծման հարցում։
Այս ֆոնին նա որոշել է վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ հարևանի հետ հարաբերությունները «կարգավորելու» նպատակով։
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը նոր քաղաքականություն չէ, և անգամ նոր ձեռքբերում չէ։ Երկու նպատակները՝ սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումն, ի վերջո, միայն նվազագույն հիմքն են հարևանների համար։
Ավելին՝ փակ սահմաններն ու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը մեծ շեղում է։
Կարգավորումը հաշտեցում չէ, և ոչ էլ մերձեցում, թեև կարող է հիմք ծառայել ավելի հավակնոտ նպատակների համար, որոնք տարածվում են սերնդեսերունդ։
Սակայն Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական բանակցությունների նոր փուլը զարմանալի արագ ստացվեց։ Բեկումը տեղի ունեցավ 2012 թ-ի դեկտեմբերի կեսերին, հայ և թուրք առաջնորդների դրական ուղերձների և հայտարարությունների տարափից հետո։
Այն ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիան «հատուկ բանագնաց» կնշանակի, որը լիազորված կլինի բանակցություններ վարել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ։
Գրեթե մեկ շաբաթ անց երկու կողմի հատուկ բանագնացների նշանակումը դարձավ քաղաքական նոր հարաբերությունների սկիզբ։
Առանց նախապայմանների
Չավուշօղլուի հայտարարությունը Հայաստանում ընկալվեց որպես Թուրքիայի քաղաքական նոր կամքի խոստումնալից նշան, որն ուզում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։
Սակայն Հայաստանի դիրքորոշումը նախկինի պես կենտրոնացած է «առանց նախապայմանների» պահանջի վրա։ Այդ քաղաքականության էությունն այն է, որ չեղարկվի ցանկացած ուղիղ կապ կարգավորման և այլ գործոնների, օրինակ՝ Հայոց ցեղասպանության և Ղարաբաղյան հակամարտության միջև։
Այս տեսակետից «առանց նախապայմանների» հայկական քաղաքականությունն առաջարկում է կենտրոնանալ Թուրքիայի հետ երկկողմանի հարաբերությունների վրա։
Այն նաև բացառում է պահանջներն ու պայմանները, որոնք կարելի էր ներկայացնել Թուրքիային, որոնք, առաջին հերթին, վերաբերում են Թուրքիայից Հայոց ցեղասպանության ճանաչման ակնկալիքներին։
Հաշվի առնելով հարաբերությունների վերսկսման այս չափավոր մոտեցումը՝ Հայաստանն ակնկալում է նույնը Թուրքիայի կողմից։ Իսկ դա նշանակում է, որ վերջին պահին Թուրքիայի ներկայացրած ցանկացած պահանջ կարող է տապալել գործընթացը երկու երկրների միջև։
«Դասեր քաղվել են»
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերջին փուլը բնորոշվում է հետպատերազմյան նոր իրականությամբ։ Եվ երկու կողմերն էլ հաշվի են առնում այն մի քանի դասերը, որոնք քաղել են նախորդ փուլից 2009 թ-ին։
Այն ժամանակ այդ փուլն ավարտվեց Ցյուրիխում երկու արձանագրությունների ստորագրմամբ, սակայն անհաջողության մատնվեց Ադրբեջանի ուշացած բացասական արձագանքից հետո։
Այս անգամ առավել ակնհայտ տարբերություններից մեկը դիվանագիտական գործընթացի մեկնարկն է, որը հիմնված է հատուկ ներկայացուցիչների անմիջական անձնական հանդիպումների վրա։
2009 թ-ին երկարատև գաղտնի դիվանագիտություն էր ընթանում Շվեյցարիայի աջակցությամբ, որի արդյունքը եղան հայ-թուրքական արձանագրությունները։ Իսկ այս անգամ շատ քիչ էին նախնական շփումները կամ գաղտնի հանդիպումները հայ և թուրք պաշտոնատար անձանց միջև։
Սրա հետ կապված երկրորդ տարբերությունն այն է, որ այժմ հիմնական ուշադրությունը դարձվում է գործնական և ավելի համեստ միջոցներին, որոնց շուրջ պայմանավորվածություն կարող է ձեռք բերվել առանց խորհրդարանի վավերացման։ Հենց դա էր քաղաքական խոչընդոտ նախորդ արձանագրությունների համար։