Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 18-ը հունվարի․ Կրակում են նախագահի պահպանության վարչության պետ Ռոմիկ Ղազարյանի մեքենայի վրա (տեսանյութ)

Վրաստանով Հայաստան մտնող գազատարի պայթյունը վերջնականապես է կաթվածահարում մեր երկրի կյանքը 1993-ի ցուրտ ձմռան այս օրերին: Մարդիկ բնակարանները տաքացնում են փայտե վառարաններով, անխուսափելի են հրդեհները: Սակայն հնարավոր չէ շտապօգնություն զանգել, հեռախոս նույնպես չկա էլեկտրաէներգիայի իսպառ բացակայության պատճառով: Երեւանի 30 հեռախոսացանցերից աշխատում է միայն երկուսը: Իրավիճակը փրկելու համար ամենամարդաշատ վայրերում հերթապահում է պետավտոտեսչությունը եւ Շտապ օգնությունը: Վրաստանը խոստանում է, որ վթարված գազատարն այսօր՝ հունվարի 18-ին կվերականգնվի:

1998-ի հունվարի 17-ին Լոնդոն-Երեւան առաջին օդային չվերթով Հայաստան են ժամանում բրիտանացի գործարարներ, մամուլի ներկայացուցիչներ: Հայաստանում նշում են բրիտանական շաբաթը, վերադարձողների մեջ է Զորի Բալայանը: Լոնդոնի հետ Երեւանի օդային կապը բարոնուհի Քերոլայն Քոկսը համարում է ճանապարհ դեպի աշխարհ:

1998-ի հունվարի 18-ին Արմավիր-Երեւան մայրուղու 25-րդ կիլոմետրի հատվածում անհայտ անձինք մոտ տարածությունից ավտոմատ հրազենով կրակում են նախագահի եւ բարձրաստիճան անձանց պահպանության վարչության պետ, գեներալ մայոր Ռոմիկ Ղազարյանի մեքենայի վրա: Գեներալ Բուդո մականունով գլխավոր թիկնապահը նույնիսկ քերծվածք չի ստանում: Փոխարենը վնասվում է ավտոմեքենան: Հայրապետյան եղբայրների «Հայաստան» առեւտրի տունը 1998-ի այս օրը զեկուցում է երկու տարի առաջ իր հարկի տակ ծխելու դեմ սկսած պայքարի արդյունքների մասին: Հետաքրքիրն այն է, շենքում հսկիչներ չկան։

1998-ի այս օրերին «Ար» հեռուստաընկերությունը ճանաչվում է սնանկ: Նախորդ երկու տարիներին «Հայներարտբանկն» այս հեռուստաընկերությանը տվել է 135 հազար դոլար վարկ 1 տարի երեք ամիս ժամկետով: «Ար»-ը գրավադրել է հեռուստատեխնիկա եւ հաղորդումներ: Պարտքի մարումը ժամանակին չկատարելու պատճառով այն հասնում է 165 հազար դոլարի, ներառյալ այլ ծախսերը, ընդհանուր հաշվով մոտ 200 հազար դոլար։ Հանքավան գյուղի եզդիները 1999-ի այս օրը գլխավոր դատախազության մոտ բողոքում են իրենց գյուղապետ Գարիկ Մուշեղյանից: Այդ մարդն, ըստ նրանց, զենքով ահաբեկում է իրենց եւ այլ անօրինականություններ է անում: Համբերությունը հատում է անցյալ տարվա սեպտեմբերին, երբ գյուղապետի ցուցումով գյուղացիներից առեւանգվում է խոշոր եղջյուրավոր 9 անասուն որպես արոտավայրերի վարձ, ինչպես նաեւ գյուղապետի անձնական տոկոսներ: Գյուղապետը 16 մարդու ներկայությամբ հաստատում է այս փաստերը, բայց ըստ դատախազության քննիչի դրանք բավարար չեն մարդուն դատելու համար:

Բաքվի ջարդերի ոգեկոչման 10-ամյակի առիթով Ծիծեռնակաբերդում է իշխանությունը եւ դեպքի մասնակիցները: Այստեղ է նաեւ այն մարդը՝ Սաշա Ավանեսովը, ում անունն օգտագործելով ադրբեջանցիներն ասում են, որ նա սպանել է երկու ադրբեջանցու, որից էլ սկսվում են բուն ջարդերը:

2001-ի հունվարի 16-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնը տարածաշրջանային այցով Հայաստանում է: Ռոբերտսոնը հենց օդանավակայանում ասում է, որ չի եկել քննարկելու տարածաշրջանի երկրներին ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու հարցը, այլ՝ կայունություն հաստատելու հարցը: Նա պիտի հասկանա, թե ինչպես գործին կարող է օգնել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրը: «Կամ՝ ես, կամ՝ Գեղամ Գրիգորյանը»,-2001-ի այս օրն այսպիսի վերջնագրով է խոսում մշակույթի նախարարության հետ Օպերային թատրոնի երաժշտական ղեկավար Օհան Դուրյանը: Գեղարվեստական եւ երաժշտական ղեկավարների այս հակասությունը տապալել է Իտալիա հյուրախաղերի մեկնելու հրավերը, որը Գեղամ Գրիգորյանը կայացրել էր առանց Օհան Դուրյանի: Իտալացի մենեջերին նրանց հակասությունը դուր չի եկել։

Կառավարության մոտ բղավող ժողովրդի այս խոսքերը պետք է որ լսի 2011-ի այս օրը Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը: Վերջինս անկասկած պետք է տեղեկանա, որ Հայաստանում 9 քաղբանտարկյալ դեռ կա: Ի դեպ, այս ակցիային մեծ էր նաեւ ոստիկանության թիվը, նրանցից մեկը նույնիսկ գրառում էր հնչող կոչերն ու մտքերը: Սեփականությունից զրկված մի խումբ քաղաքացիներ 2012-ի հունվարի 18-ից պատրաստվում են գիշերել Սերժ Սարգսյանի նստավայրի առաջ: Իրենց նորակառույց բնակարանների համար նրանք պայմանագիր են կնքել «Գավշին» ընկերության հետ եւ վճարել պահանջվող գումարը: Ընկերությունն իրենց բնակարանները վաճառել է մի քանի անգամ։