Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախի ԱԳՆ
A A
Պաշտոնական

Արցախի ԱԳՆ-ն՝ Ալիևի հարցազրույցի մի շարք մտքերի մասին

Մի շարք լրատվամիջոցներին վերջերս տված հարցազրույցում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլյամ Ալիևը, անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին, կրկին օգտագործել է հայատյաց, ապակառուցողական, ծավալապաշտական բառապաշար և գաղափարներ՝ հնչեցնելով դրանց համապատասխանող ծրագրեր ու նպատակներ։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն։

 

«Նման քաղաքականությունը միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի և ձեռք բերված պայմանավորվածությունների կոպտագույն խախտում է։

 

Այն նպատակ ունի տորպեդացնելու խաղաղության հաստատման ու կայունության պահպանման նախաձեռնություններն ու ապամոնտաժելու գոյություն ունեցող ձևաչափերը։

 

Ադրբեջանի ղեկավարը հատուկ թիրախավորել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահող երկրներից մեկի՝ Ռուսաստանի Դաշնության կողմից Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելությանը՝ անհեթեթ մեղադրանքներ հնչեցնելով նրանց գործունեության դեմ։

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր կողմերի միջև համաձայնեցված միակ ձևաչափը։

 

Մենք բարձր ենք գնահատում ռուս խաղաղապահ զորակազմի առաքելությունն Արցախում և անընդունելի համարում նրանց գործունեության վրա ստվեր գցելու ցանկացած փորձ։

 

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ը խստիվ դատապարտում է Ադրբեջանի պահվածքը՝ համոզված լինելով, որ պետական մակարդակով իրականացվող այսպիսի քաղաքականությունը պետք է արժանանա համապատասխան գնահատականի նաև միջազգային հանրության կողմից»,-նշվում է հայտարարությունում։