Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ստեփան Դանիելյան
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Եթե Հայաստանը որպես նախագահող երկիր հրաժարվեր, պետք է դուրս գար ՀԱՊԿ-ից․ Ստեփան Դանիելյան

Ղազախստանի նախագահի դիմումից հետո որոշում է կայացվել ՀԱՊԿ զինված ստորաբաժանումներ ուղարկել Ղազախստան:   Այս որոշումը քննարկումների առիթ  է  դարձել։

Այս թեմայի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ:

-Պարոն Դանիելյան , Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմել է ՀԱՊԿ պետությունների ղեկավարներին ՝ խնդրելով աջակցել Ղազախստանին «ահաբեկչական սպառնալիքի» հաղթահարման հարցում և որոշում է կայացվել  5 պետությունների այդ թվում և Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներ ուղարկել Ղազախստան: Որքանո՞վ է Ղազախստանում տեղի ունեցողը «ահաբեկչական սպառնալիք », և արդյո՞ք տեղին է ՀԱՊԿ զորքեր ուղարկել այդ երկիր:

-Եթե մեկ օրվա ընթացքում պետությունը, ըստ էության, փլուզվում է, եթե զինվորականներ և ոստիկաններ են սպանվում, երբ որ ամենամեծ քաղաքը՝ Ալմա Աթան,  վերահսկողությունից դուրս է , երբ , ըստ լուրերի, արդեն կան գլուխը կտրած ոստիկաններ, ապա, բնականաբար, դա պայքար է տեռորիզմի դեմ:  Տոկաևի դիմելը, կարծում եմ , տրամաբանված է եղել։ Եւ որքանով ես տեղյակ եմ, խաղաղապահները արդեն գտնվում են Ղազախստանում, 70 հոգուց բաղկացած հայկական ստորաբաժանում է ուղարկվել:

-Արդյոք ՀԱՊԿ-ը իրավունք ունի՞ միջամտել, երբ արտաքին սահմանային խնդիրներ չկան:

-Արտաքին միջամտությունը պարտադիր չէ, որ լինի արտաքին զորքերի տեսքով, կարող են լինել տեռորիստներ: Մենք գիտենք, որ Սիրիայում կռված  ջհադիստների քանակություն կա Ղազախստանում: Մենք գիտենք, որ արդեն կրոնական երանգ է ստանում այս խնդիրը, արդեն գլուխը կտրած ոստիկանների մասին տեղեկություն ունենք և այն հարցը, թե արտաքին միջամտություն կա, թե ոչ` դա շատ հարաբերական է:

-ՀԱՊԿ քարտուղարության հաղորդագրության մեջ ասվում է, որ «Ղազախստան ուղարկված ՀԱՊԿ ուժերի խնդիրներն են լինելու պետական ​​եւ ռազմական օբյեկտների պաշտպանությունը, ինչպես նաեւ` աջակցությունն իրավապահ ուժերին» : Եթե հաշվի առնենք որ իրավապահների մեջ կան արդեն զոհեր, պետական մի շարք օբյեկտներ արդեն իսկ անցել են ցուցարարների վերահսկողության տակ, ի՞նչ եք կարծում՝  ՀԱՊԿ զորքերը կարո՞ղ են կրակ բացել ցուցարարների դեմ և ինչի դա կհանգեցնի:

-Ես կարծում եմ, որ եթե կրակ բացելու խնդիր առաջանա, ապա կրակը կբացեն ղազախական ստորաբաժանումները, իսկ եթե խաղաղապահների վրա հարձակում լինի, ապա, բնականաբար, խաղաղապահները ինքնապաշտպանության իրավունք ունեն և եթե որևէ օբյեկտ են պաշտպանում, և այդ օբյեկտի վրա կա հարձակում, ապա կարող են կրակել: Ամեն դեպքում ես չեմ կարծում, որ ուղարկված ստորաբաժանումները կօգտագործվեն ցուցարարներին ցրելու համար, դրանք կօգտագործվեն հատուկ օբյեկտների պաշտպանության համար:

-Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ ՀԱՊԿ նախագահող երկիրը Հայաստանն է , և երեկ հենց Փաշինյանի նախաձեռնությամբ է սկսվել խորհրդակցություն ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ և որոշում կայացվել զորք ուղարկել Ղազախստան, կարող է սա վատ ազդեցություն ունենալ Ղազախստանի հայ համայնքի վրա:

-Ղազախստանում շատ մեծ ղրղզական, շատ մեծ ուզբեկական  եւ  շատ մեծ տաջիկական համայնքներ գոյություն ունեն և եթե դա ազդեցություն ունենա, ապա առաջին հերթին վտանգի տակ կլինեն նրանք: Ես չեմ կարծում, որ 70 հոգանոց հայկական ստորաբաժանումը, կամ այն, որ ըստ ՀԱՊԿ կանոնադրության Հայաստանը որպես նախագահող կողմ պարտավոր էր համակարգել այդ միջոցառումը, որևէ լուրջ  նշանակություն կարող է ունենալ:

-Հայաստանում շատերն են դժգոհում, որ պետք չէր հայկական զինված ուժեր ուղարկել Ղազախստան, հաշվի առնելով մի շարք փաստեր:   Օրինակ՝  Ղազախստանը շնորհավոր է Ադրբեջանին 44 օրյա պատերազմից հետո։ Արդյոք մենք դրա հնարավորությունը ունեինք, թե ամեն ինչ արդեն իսկ որոշված էր Մոսկվայի կողմից և եթե Հայաստանը որպես ՀԱՊԿ նախագահող երկիր հրաժարվեր, ինչ կարող էր տեղի ունենալ ։

-Եթե Հայաստանը հրաժարվեր իր պարտավորությունը կատարել, այսինքն՝ երբ որ իրեն դիմում են,  գոնե այդ դիմումը չքննարկեր և կոնսուլտացիաներ չսկսեր ՀԱՊԿ երկրների հետ, ապա Հայաստանը ՀԱՊԿ-ից պետք է դուրս գար և հաջորդ քայլում, երևի, ռուս խաղաղապահները Արցախից պետք է դուրս գային, հայ-թուրքական սահմանը պետք է չպահեին և այլն: Այսինքն՝ հետևանքները կլինեին շատ կոնկրետ:

-Իսկ ինչո՞ւ երբ ադրբեջանական զորքը մտնում է Հայաստանի սուվերեն տարածք, զոհվում են մեր զինծառայողները, ՀԱՊԿ-ը չի միջամտում, իսկ այս դեպքում ՀԱՊԿ-ը միանգամից միջամտեց:

Որովհետև Հայաստանի զորքերը դիմադրություն ցույց չեն տալիս, զենքերը դնում են և հանձնվում են և Հայաստանի կառավարությունը չի կատարում իր պարտավորությունները Հայաստանի պաշտպանության գործում: Եթե հիմա Հայաստանը գնա և փորձի իր տարածքները վերականգնի Սև լճի տարածքում, ապա այդ ժամանակ արդեն կարող է ակնկալել, որ օգնություն կլինի:

-Այսինքն, եթե մենք ադրբեջանական զորքերի դեմ բավականին լուրջ դիմադրություն ցուցաբերենք, նաև ՀԱՊԿ-ի օգնությունը կստանանք:

-Ես կարծում եմ, որ եթե դիմադրություն ցուցաբերենք, ապա աջակցությունը կստանանք, և հիմա թուրք-ադրբեջանական էքսպենսիա Սյունիքում տեղի չի ունենում հենց նաև այդ պատճառով ,և նաև թուրքական հարձակում չի լինի Երևանի վրա  հենց այդ պատճառով: