Բացել լրահոսը Փակել լրահոսը
4111144-1536x1043
A A
Քաղաքականություն

Փաշինյանը պարտավոր է ներկայացնել Ղազախստան զորք ուղարկելու համար ՀԱՊԿ որոշման իրական հիմքերը․«Արդար Հայաստան» կուսակցություն

«ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» Կուսակցության կառավարման խորհուրդի հայտարարությունը․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշ գիշերին հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով:

 

«Արդար Հայաստան» կուսակցությունը հարկ է համարում արձանագրել, որ առերևույթ լրջագույն ու վտանգավոր նախադեպ է ստեղծվում, երբ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը ներգրավվում են ՀԱՊԿ անդամ պետությունների ներքաղաքական խնդիրների հանգուցալուծման գործում։

Այսօր Ղազախստանն է, վաղը կարող է լինել Հայաստանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ։

 

ՀԱՊԿ պայմանագրի 2-րդ հոդվածի համաձայն` մեկ կամ մի քանի անդամ պետությունների անվտանգության, կայունության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սպառնալիքի ի հայտ գալու կամ միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի դեպքում անդամ պետություններն անհապաղ գործի են դնում համատեղ խորհրդակցության մեխանիզմը իրենց դիրքորոշումները համակարգելու նպատակով, մշակում և անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում նման անդամ պետություններին օգնություն ցուցաբերելու համար՝ սպառնալիքի վտանգի վերացման նպատակով:

Իսկ նույն պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն` եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակման), ապա, դա անդամ պետությունների կողմից կհամարվի որպես ագրեսիա (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակում) սույն Պայմանագրի բոլոր անդամ պետությունների դեմ:

 

Տվյալ դեպքում, նման որոշում կայացնելուց առաջ անհրաժեշտ է ներկայացնել անհերքելի ապացույցներ, որ Ղազախստանը ենթարկվել է իր անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակման։

 

Նկատի ունենալով, որ Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիսանում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, հետևաբար նա պարտավոր է հանրությանը ներկայացնել նման որոշման համար հիմք հանդիսացող իրական հիմքերը, հակառակ դեպքում հարկադրված ենք լինելու կայացված որոշումը գնահատել որպես Հայաստանին պարտադրված և իր պետական շահերին հակասող հերթական քայլը, որի հետևանքով վտանգվելու է Հայաստանի միջազգային վարկը։