Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Վաղը՝ ԱՊՀ երկրների ոչ ֆորմալ հավաքին ՌԴ-ն նոր փաստաթուղթ է առաջարկելու․ Ստեփան Գրիգորյան (տեսանյութ)

«Ես 30 տարի զբաղվել եմ Արցախի կարգավորման հարցով, ուշադիր հետևել եմ գործընթացներին։ Եվ չգիտեմ փաստաթուղթ, որը շեղվել է Մադրիդյան սկզբունքերից, բայց եթե վարչապետն ունի լրացուցիչ փաստաթուղթ, պետք է դա ցույց տա հասարակությանը։ Ասելը քիչ էր»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե 2016թ․ հետո ԼՂՀ բանակցային գործընթացում աղետ է եղել, քանի որ 2011թ․հետո առաջին անգամ ներկայացվել է փաստաթուղթ, որտեղ միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ նախադասությունը չի եղել։

«Հայտարարությանը պետք է հետևեր փաստաթղթերի ցույց տալը։ Բայց քանի որ ինքը այսօր գրառում է կատարել և ճշտել է իր ասածը, ուրեմն եղել է միջանկյալ կարգավիճակի մասին հնարավորությունը։ Պարզապես Ն․Փաշինյանի թիմում չկան մարդիկ, որոնք խորությամբ իմանան ԼՂՀ խնդիրը և ճիշտ տեղեկանք տան նրան։ Ես վարչապետին առաջարկում եմ ավելի ուշադիր ուսումնասիրել այդ փաստաթղթերը»,- հավելեց քաղաքագետը։

Անդրադառնալով հետպատերազմական իրադարձություններին՝ ասում է, Ադրբեջանին ձեռնտու չէր խաղաղ կարգավորումն ու միջնորդների առաջարկությունները։

«Օրինակ, Արևմուտքի խաղաղապահներին կաշառել չէին կարող։ Հիմա փողը տալիս են, գյուղը թողնում են հայկական կողմին, արոտավայրը՝ Ադրբեջանին։ Այստեղ կոռուպցիոն ռիսկերն ակնհայտ են։ Այդ ո՞նց է Կապանի դիմացի մի բարձունքից ռուսական սահմանապահները դուրս եկան, ադրբեջանցիները մտան։ Միանշանակ կոռուպցիոն գործարք կարող է լինել։ Էդ ինչո՞ւ որ դուրս եկաք, չթողեցիք, որ մեր սահմանապահները մտնեն, ադրբեջանցիներն թողեցիք։ Այդ ինչպես է, որ թե՛ Հայաստան-Ադրբեջան, թե՛ Արցախ-Ադրբեջան սահմաններին ցանկացած վիճելի հարց լուծվում է հօգուտ Ադրբեջանի»,- հարցնում է Ս․Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է ուրբաթ երեկոյան ասուլիսում Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների նկատմամբ Արցախի նախագահի, ԱԺ-ի, արտգործնախարարի հայտարարություններին՝ քաղաքագետն ասում է՝ վարչապետը պետք է Արայիկ Հարությունյանին հրավիրի և խոսի նրա հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։