Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հարյուրավոր երեխաներ Ձմեռ պապին խնդրել են փրկել ամենատխուր Նելսոն արջին

Այս օրերին բազում փոքրիկներ նամակներ են գրում Ձմեռ պապին՝ խնդրելով օգնել, փրկել Արմավիրում բանտարկված Նելսոն արջին։ Նամակներ են գրել Երևանի թիվ 194 հիմն․ դպրոցի, Անանիա Շիրակացու անվան կրտսեր դպրոցի, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, Պատանեկության ստեղծագործական կենտրոնի, ինչպես նաև Teach for Armenia ծրագրի մասնակից մի շարք դպրոցների երեխաները։ 

Նելսոն արջ 34 տարեկան ծեր և կույր արջ է, որը պահվում է Արմավիրում և ունի օգնության կարիք։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իր գործընկեր Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) հետ միասին պատրաստակամ է օգնել Նելսոնին։ Նրա պատմությունն այնքան հուզիչ է, որ Նելսոնը միջազգային հանրության կողմից ստացավ «ամենատխուր արջը» անվանումը, իսկ Հայաստանի տարբեր դպրոցների երեխաներն առաջարկեցին այս կարևոր գործին մասնակից դարձնել Ձմեռ պապին։ 

FPWC էկո-կրթական դասընթացների արդյունքում տարբեր դպրոցների աշակերտներ նամակներ են գրել Ձմեռ պապին։ Սիրով և մեծ հույսով գրված այս նամակները Հիմնադրամը հրապարակելու է էջում և փոխանցելու է հնարավոր Ձմեռ պապին։  FPWC թիմը վստահ է, որ ամանորյա հրաշքներ լինում են և հարյուրավոր երեխաների դրական էնեգիան չի կարող անարդյունք լինել, այն անպայման բարի գործի է փոխակերպվելու։ 

Հիշեցնենք, որ 2021թ․-ի դեռ հուլիս ամսին միջազգային հանրությունն ու IAR-ը ահազանգել են ևս մեկ տխուր պատմության մասին։ «Ամենատխուր արջը»․ միջազգային մամուլն այսպես է վերնագրել Արմավիր քաղաքում շուրջ 30 տարի բանտարկված կույր արջի պատմությունը։ Ամենահեղինակավոր Washington times, The Sun, Daily mail, Mirror, dailystar.co.uk, The Irish Sun լրատվամիջոցները գրել են Հայաստանում սարսափելի պայմաններում ապրող ծեր և կույր Նելսոն արջի մասին, որին նույն վանդակի մեջ այդքան տարի շարունակ պահում է Արմավիրի մասնավոր կենդանաբանական այգու տնօրենը։ 

Միջազգային IAR-ը գրել է․ «Նելսոնը, հավանաբար, ամենատխուր արջերից է, որին հանդիպել ենք։ Նա այս զարհուրելի վանդակում անցկացրել է 30 երկար տարիներ։ Նրա տերը հրաժարվում է հանձնել նրան՝ պնդելով, որ սիրում է կենդանուն։ Բայց սիրել կենդանուն նշանակում է հոգ տանել նրա մասին, կերակրել և հոգալ նրա կարիքները, չանտեսել նրան և չթողնել նրան օրեր շարունակ առանց սնունդի։ Անզեն աչքով կարելի է տեսնել վանդակի կուտակված կեղտը, որտեղ նա տարիներ շարունակ պտտվում ու պտտվում է՝ փարատելու համար իր ձանձրույթն ու հիասթափությունը։ Ամենավատն այն է, որ խեղճ կենդանին նաև կուրացել է»։ 

Մինչ այսօր Հիմնադրամը մի քանի փորձեր է ձեռնարկել կենդանուն անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, սակայն արջի խնամակալը շարունակաբար հրաժարվում է աջակցությունից՝ դատապարտելով կենդանիներին առավել տանջանքների։ 

Հիշեցնենք, որ Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) գտնվող արջերը տարբեր պատճառներով հայտնվել են անազատության մեջ, կորցրել են իրենց բնական կարողությունները, դարձել են կախյալ մարդու «բարեհաճությունից»։ Այդպիսի արջերից շատերն այսօր գտնվում են WRC-ում, որի հիմնական առաքելությունը նման կենդանիների համար հետագա բարեկեցիկ կյանքն ապահովվելն է, ինչպես նաև՝ հնարավորության դեպքում վայրի բնություն վերադարձնելը։ Մինչ այսօր ՀՀ տարբեր մասնավոր տարածքում շարունակում են բանտարկված մնալ շուրջ 20 արջեր, որոնք ունեն մասնագիտական օգնության կարիք և սպասում են իրենց հերթին։

Ծրագիրն իրականություն է դարձել Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (International Animal Rescue) ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համագործության, ինչպես նաև` բազմաթիվ այլ կառույցների ու մարդկանց աջակցության շնորհիվ։