Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՔԿԾ (3)
A A
Պաշտոնական

«Նամակ բանտից». 5 ցմահ դատապարտյալ դրամական պարգև է ստացել

2021 թվականի հունիսի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն իրականացրեց «Մարդիկ ճաղերից այն կողմ. ամրապնդելով անձանց և հասարակության միջև կապը» ծրագիրը, որի նպատակն էր ստեղծել մեդիա հարթակ, որտեղ կներկայացվեն ազատազրկված անձանց հիմնախնդիրները հանրայնացնող տեսաֆիլմեր, ֆոտոպատմություններ և հոդվածներ, որոնք, ըստ  կազմակերպիչների, կօգնեն բարձրացնելու հասարակության իրազեկվածությունն անազատության մեջ գտնվող անձանց խնդիրների շուրջ, ինչն էլ թույլ կտա հետագայում բարելավելու հասարակության և ազատազրկված անձանց միջև հաղորդակցությունը՝ նպաստելով նրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի փոփոխությանը։ Այս մասին հայտնում է Քրեակատարողական ծառայությունը։

Այդ ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել էր «Նամակ բանտից» մրցույթ-հոդվածաշարը, որի շնորհիվ անազատության մեջ գտնվող անձանց տրվել էր հնարավորություն՝ բարձրաձայնելու իրենց մտահոգությունների մասին, ներկայացնելու անձնական պատմությունները՝ ազատությունից զրկվելու բոլոր հետևանքներով, ինչպես նաև բանտային պայմաններին հարմարվելու դժվարությունները և այնտեղ անցկացված տարիների փորձառությունը։ 

«Նամակ բանտից» մրցույթին մասնակցել էին ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներից։ Մրցույթի ամփոփման արդյունքում շնորհակալագրեր և դրամական պարգևներ են ստացել «Աբովյան», «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Գորիս», «Հրազդան», «Նուբարաշեն» և «Սևան» ՔԿՀ-ների դատապարտյալները, այդ թվում ՝ ցմահ ազատազրկման դատապարտված հինգ անձ։ 

Շնորհակալագիր են ստացել նաև այն դատապարտյալները, որոնք նկարահանվել են «Ճաղերից այն կողմ» խորագիրը կրող տեսաֆիլմում։

Հաղթողների աշխատանքները մրցույթի կազմակերպիչների կողմից հրապարակվում են www.prisoninitiatives.am մեդիա հարթակում։