Բացել լրահոսը Փակել լրահոսը
զինամթերքթի վնասազերծում
A A
Պաշտոնական Հասարակություն

Արցախում վնասազերծվել է ևս 1 հրթիռակասետային ռումբ, 2 գնդիկաբեկորային ավիառումբ

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը․ 

2021 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 772 զանգ: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք: Դեկտեմբերի 2-ին ժամը 07:46-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում տեղեկություն է ստացվել, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում բռնկված հրդեհի մասին: Օգնություն ցուցաբերելու և հրդեհը մեկուսացնելու նպաակով կանչի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը: Հաղորդագրությունն անմիջապես փոխանցվել է «Արցախէներգո», «Արցախգազ» և շտապ օգնություն կայան փակ բաժնետիրական ընկերություններին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:13-ին, մարվել՝ ժամը 08:50-ին: Այրվել է Ստեփանակերտ քաղաքի 59-ամյա բնակչին պատկանող բնակելի մեկհարկանի տունը՝ մասնակի, որտեղ հայտնաբերվել է վերջինիս դին: Բարեբախտաբար արձանագրված մյուս երկու հրդեհներից տուժածներ չկան:

Կարճատև դադարից հետո դեկտեմբերի 4-ին վերսկսվել են զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունք) որոնողական աշխատանքները: Փրկարարական մեկ ջոկատով որոնումներ են իրականացվել Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան գոտում՝ Մատաղիսի ուղղությամբ: Աշխատանքներն այս հատվածում արդյունք չեն տվել: Սակայն, ՊԲ ստորաբաժանման կողմից Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Այսպիսով, զինադադարից հետո իրականացված որոնողական աշխատանքների, ինչպես նաև ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում մինչ օրս տարհանվել է 1703 աճյուն:

Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացնում են հետախուզական աշխատանքներ: Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 1 ռումբ, գնդիկաբեկորային 2 ավիառումբ, նռնականետի 10 նռնակ և 26 արկ:

Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 31, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 20 կանչ: Փրկարարները կատարել են դռան 4 և վերելակի 2 բացում, առողջական խնդիր ունեցող 3 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 5 ելք։ Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 6 կանչերի։

Յոթ օրվա ընթացքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 1 պատահար, որի ընթացքում տուժել է 2 քաղաքացի: