Բացել լրահոսը Փակել լրահոսը
mesrop_makyan.thumb_
A A
Հասարակություն

Դատավոր Մեսրոպ Մակյանի ինքնաբացարկի պատճառը

 Դատավոր Մեսրոպ Մակյանը ինքնաբացարկ է հայտնել Իսրայել Հակոբկոխյանի, Վահագն Չախալյանի, Արշակ Զաքարյանի, Տիգրանի Չոբանյանի եւ  Արագած Ախոյանի  գործով։

  Դատավորը իր ինքնաբացարկը պատճառաբանել է հետեւյալ կերպ՝ մեղադրյալ Արշակ Զաքարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը իր ընկերն է։

«Նրա հետ գտնվում եմ մտերիմ հարաբերությունների մեջ, նրա հետ 1992-1997թթ-ին սովորել ենք ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նույն կուրսում, ավելին, հանդիսանում եմ վերջինիս կրտսեր որդու՝ Աշոտ Աթանեսյանի կնքահայրը: Տիգրան Աթանեսյանի հետ հաճախակի հանդիպում ենք, շփվում նաև ընտանիքներով:
Բացի այդ, Տիգրան Աթանեսյանը հանդիսանում է նաև ավագ եղբորս որդու՝ Վահե Մակյանի հարսանիքի քավորը, ով, նույնպես հանդիսանալով փաստաբան, Տիգրան Աթանեսյանի հետ աշխատում է նույն փաստաբանական գրասենյակում»,- նշված է «Դատալեքս» տեղեկատվական համակարգում տեղադրված ինքնաբացարկի պատճառաբանության մեջ։

Ըստ Մեսրոպ Մակյանի՝ անկողմնակալ դիտորդի մոտ ևս կարող է առաջանալ ողջամիտ կասկած իր՝ քրեական գործը քննելիս դրսևորած անաչառության վերաբերյալ, ինչը ևս անթույլատրելի է:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 28-ին  Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա էր իրականացվել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Այդ ժամանակ կառավարության շենքի մոտ ոստիկանության եւ քաղաքացիների միջեւ բախումներ էին տեղի ունեցել, մի խումբ անձինք փորձել էին մուտք գործել կառավարության շենք։

Երկու տասնյակից ավել անձ էր բերման ենթարկվել։ Իսկ Իսրայել Հակոբկոխյանը, Վահագն Չախալյանը, Արշակ Զաքարյանը, Տիգրան Չոբանյանը եւ Արագած Ախոյանը ձերբակալվել էին։

Ըստ մեղադրանքի՝  նրանք փորձել են զավթել իշխանությունը՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ ՀՀ կառավարության լիազորություններին, սակայն հանցանքն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով: