Բացել լրահոսը Փակել լրահոսը
154868
A A
Մշակույթ

Արցախցի կինոռեժիսորի «Ապրելու ցանկություն» ֆիլմը Կաննի կինոփառատոնում հաղթող է ճանաչվել

 «Բնիկ մարդկանց մասին լավագույն ֆիլմ» անվանակարգում: Իսկ Մարիամ Ավետիսյանը ճանաչվել է լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի ռեժիսոր: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մ. Ավետիսյանը նշեց, որ ֆիլմը ցույց է տալիս հետպատերազմյան կյանքն Արցախում, պատերազմի թողած հետևանքներն այստեղ բնակվող մարդկանց վրա: «Ֆիլմի գաղափարն առաջացել է պատերազմի օրերին:

Անընդհատ մտածում էի՝ ինչ կարող եմ անել հայրենիքիս օգնելու, Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու, ինչ-որ բան փոխելու համար: Եվ որոշեցի պատերազմի ավարտից հետո ֆիլմ նկարել Արցախի, արցախցիների մասին: Ֆիլմի անվան շուրջ շատ եմ մտածել։ Եվ երկար քննարկումներից հետո մայրիկիս հետ ընտրեցինք «Ապրելու ցանկություն»֊ը, քանի որ այն բնորոշ է բոլորիս, արցախցիները ցանկանում են ապրել իրենց հայրենիքում:

Սփյուռքից դրական արձագանքներ ենք ստացել, շատ աջակիցներ ունենք տարբեր երկրներից ՝ լրագրողներ, ռեժիսորներ, հայտնի մարդիկ, ինչպիսին, օրինակ, Սերժ Թանկյանն է: Ֆիլմը ներկայացվել է տարբեր փառատոնների՝ Տորոնտոյում, Ավստրիայում, ԱՄՆ-ում, Հայաստանում, Ռուսաստանում և ունեցել հաջողություններ», - ասաց Մ. Ավետիսյանը: Մեր զրուցակցի խոսքով՝ այս հաղթանակն անսպասելի էր, բայց շատ ոգևորիչ։ Նման ձեռքբերումներն օգնում և հավատ են տալիս, որպեսզի շարժվենք առաջ և փորձենք անել ավելին։