Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled collage
A A
Քաղաքականություն

Հանրային հարթակում հավանության չարժանացած նախագիծը կառավարությունն արագ ընդունեց

 Այսօր կառավարությունը հավանություն տվեց մի օրինագծի, որ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ավելի շատ արժանացել էր դեմ, քան կողմ ձայների։  ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին  դեմ էր քվեարկել 579`  (59 % ), իսկ կողմ  398 հոգի՝ (41 % )։  

Այնուամենայնիվ,  կառավարությունն այսօր  հավանություն տվեց ԿԳՄՍՆ-ի ներկայացրած ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, դեռ ավելին՝ համարեց անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Ըստ կառավարության՝   հանրակրթության ոլորտում առկա են մի շարք առանցքային խնդիրներ, որոնք արգելակում են համակարգային փոփոխությունների ընթացքը։  Օրինագծով սահմանվում է ուսուցչի մասնագիտական չափորոշիչ հասկացությունը, վերանայվում են նաև ատեստավորման գործընթացին վերաբերող դրույթները։

 Օրինագծում դպրոցի կառավարման գործընթացը բաժանված է երկու հիմնական մասի՝ ուսումնական և վարչատնտեսական։  Այսինքն՝  դպրոցը կունենա երկու տնօրեն։

Հիմնավորումը սա է՝ ֆինանսատնտեսական, վարչական և տնտեսական աշխատանքները տնօրենից մեծ ժամանակ են խլում և հնարավորություն չեն տալիս լիարժեք ձևով կազմակերպել, գնահատել և վերահսկել ուսումնական գործընթացը դպրոցում։

Ներկայումս  աշխատանքն իրականացնում է տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալը, ում պարտականությունները շատ դեպքերում համընկնում է տնօրենի պարտականությունների հետ։

Ուսումնական հաստատության կառավարման առաջարկվող մոդելում ուսումնական մասի տնօրենը չի զբաղվում վարչական, տնտեսական և ֆինանսական հարցերով։ Նա զբաղվում է մանկավարժական աշխատողների մրցույթի կազմակերպմամբ, ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորմամբ և իրականացմամբ։ Վարչատնտեսական մասի կառավարչի հետ համագործակցում է պլանավորման և դասաբաշխման հիման վրա տարիֆիկացիայի կազմման ժամանակ։

Կառավարության նիստում անդրադառնալով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց․

«Մենք ուզում ենք, որպեսզի դպրոցի տնօրենը կենտրոնանա կրթության որակի վրա և հնարավորինս քիչ զբավի դռան, լուսամուտի, տանիքի, խողովակի, սալիկի և այլ հարցերով: Դրա համար նախ դպրոցի վարչատնտեսական մասի կառավարումն առանձնացնում ենք կրթական մասի կառավարումից: Խմբավորված դպրոցների շենքերի կառավարումով զբաղվելու է ուրիշ պաշտոնյա, որը կկոչվի վարչատնտեսական մասի ղեկավար կամ համակարգող»։

Փաշինյանը մի հայտարարություն էլ արեց, թե իրենք ուզում են դպրոցի տնօրենի աշխատանքը դարձնել չափելի:

«Արդյունքային ցուցանիշներ պետք է սահմանվեն, որ, օրինակ, դպրոցում 5-րդ դասարանի աշակերտը նվազագույն ցուցանիշ պետք է ունենա, ըստ դրա՝ կարող ենք չափել դպրոցի տնօրենի աշխատանքը»,- ասաց նա։

Վարչատնտեսական մասի ղեկավարը և տնօրենը պետք է նշանակվեն լիազոր մարմնի կողմից որոշակի ընթացակարգով, որը կսահմանվի ՀՀ կառավարության որոշմամբ:

Նախ պետք է սահմանվեն, թե ինչ արդյունքներ են ակնկալվում դպրոցի տնօրենից, այնուհետև տնօրենի հաստիքին համապատասխանող անձինք պետք է ներկայացնեն, թե ինչ գործողություններով են պատկերացնում այդ արդյունքների իրականացումը:

«Նշանակված տնօրենները մեկ տարով կլինեն անձեռնմխելի: Մեկ տարի հետո խորհուրդները հնարավորություն կունենան նրանց անվստահություն հայտնել: Երեք տարին մեկ նրանց գործունեությունը և արդյունքները պետք է ստուգվեն: Եթե տեսնենք, որ պետության կողմից սահմանված չափորոշիչները հստակ պահպանվում են, դպրոցը որակյալ կրթություն է տալիս, ավտոմատ կերպով գործունեության ժամկետը կերկարաձգվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 Հարկ է նշել, որ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում  24 առաջարկ էր ներկայացված․ մի մասը օրինագծի հեղինակները խոստացել էին քննարկել, մի մասն էլ, որոնք քննադատում էին նախագիծը,  համարել անընդունելի։

Արդյո՞ք այս առաջարկները ներառվել են օրինագծում, այսօր պարզ չդարձավ․ թերեւս հստակ կլինի ԱԺ քննարկումների ժամանակ։

Ի դեպ, մտավախություն կա, որ  այս օրինագծի ընդունումից հետո՝  վարչական, տնտեսական և ֆինանսական հարցերով կառավարիչներ կնշանակվեն միայն իշխանություններին ընդունելի մարդիկ, որոնք կարող են եւ  չունենալ որեւէ առնչություն կոնկրետ դպրոցների հետ, բայց կարեւորը «գումարները կլինեն նրանց մոտ»։