Որդան կարմիրը կարելի է միայն նկարահանել
Հայաստանի կենդանիների կարմիր գրքում հայտնվելուց հետո ուժեղացվել է հսկողությունը որդան կարմիր միջատի նկատմամբ: Այդ իսկ պատճառով Մատենադարանի մի խումբ աշխատակիցների այս տարի չի հաջողվել Մարգարայի դաշտերից որդան կարմիր միջատներ հավաքել: Լիտվացի մասնագետների հետ այնտեղ գնալով` նրանք կարողացել են միայն նկարահանումներ կատարել:
Որդան կարմիրի հիմնախնդիրներով զբաղվում է ՀՀ բնապահպանության նախարարությունը եւ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտը:
Մատենադարանի աշխատակից Արմեն Սահակյանը երկար տարիներ հետաքրքրված է որդան կարմիր միջատով: Նա կարողացել է որդան կարմիրից բնական ճանապարհով ներկանյութ ստանալ, լոսյոններ և քսուքներ պատրաստել և այլն: Պարոն Սահակյանը գտնում է, որ հսկողության խստացումը թույլ կտա այս հազվագյուտ միջատին արդյունավետ կերպով զարգանալ և վերարտադրվել:
Նախկինում «որդան կարմիր» ներկանյութի ստացմամբ զբաղվել է Երևանի պետական համալսարանը: ԵՊՀ-ում եղել է ամբիոն, որտեղ հնարավոր է եղել քիմիական ճանապարհով ներկանյութ ստանալ: Այդ ամբիոնը այլևս չի գործում. նոր մասնագետներ չեն պատրաստվում:
ՀՀ բնապահպանության նախարարության Կենդանաբանության և հերպետոլոգիայի աշխատակից Արամ Աղասյանի կարծիքով` կարելի էր վերաբացել ԵՊՀ-ում նախկինում գործող ամբիոնը և գործարկել որպես կոմերցիոն կենտրոն, քանի որ որդան կարմիրը կարելի է կիրառել շատ բնագավառներում` սննդի, արդյունաբերության մեջ, արվեստի և այլն:
Մինչդեռ. «Ես կարծում եմ, որ կարիք չկա ԵՊՀ-ի այդ ամբիոնը վերաբացելու,- ասում է Մատենադարանի աշխատակից Արմեն Սահակյանը և ավելացնում,- որովհետև հիմա մոդայիկ է մեզանում, քիմիական ճանապարհով կստանան, բիզնես դարձնեն: Հիմա էլ կանցնեն որդան կարմիրին: Թողեք թող շատանան, բազմանան: Եթե շատ մարդիկ իմանան, կսկսեն վազել դրա հետևից»:
Մատենադարանում այժմ պահվում են որդան կարմիրով արված բազմաթիվ մանրանկարչական աշխատանքներ, սակայն դրանք դեռևս նախատեսված չեն ցուցադրությունների համար: Այժմ, ըստ Արմեն Սահակյանի, Մատենադարանում ցուցադրության դնելու հնարավորություն չկա, քանի որ տեղի խնդիր կա:
Արմեն Սահակյանը նպատակահարմար է գտնում որդան կարմիրով արված մանրանկարները տեղափոխել Նորավանք, որտեղ հնարավոր կլինի նաև ցուցադրություններ կազմակերպել. «Շատ կցանկանայի, որ հենց այնտեղ ստեղծվեր բնական ներկերի ուսումնասիրման և կիրառման աշխատավայր, որտեղ մանրանկարչական դպրոց կկառուցվեր և ծաղկողներ կլիներին»: