Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը առաջին շրջանից հետո զիջում է Արջուն Էրիգաիշիին. Tata Steel Chess India 2021

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում մեկնարկած կայծակնային շախմատի Tata Steel Chess India մրցաշարի առաջին օրը Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը, 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, ընթանում է 2-րդ հորիզոնականում: Մեր շախմատիստը տարել է 4 հաղթանակ, նույնքան պարտիայում ոչ-ոքի է խաղացել, և պարտվել է միայն իրանցի Փարհամ Մաղսուդլուին:

Մրցաշարը 6,5 միավորով գլխավորում է հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիշին, որը մեկ օր առաջ հաղթող էր ճանաչվել արագ շախմատի մրցաշարում: Լևոն Արոնյանին հաջորդում են վիետնամցի Լիեմ Քուան Լին և նույն Փարհամ Մաղսուդլուն, որոնք ունեն 5,5-ական միավոր:

Ընդհանուր հաշվարկով մրցաշարային աղյուսակը կրկին գլխավորում է Արջուն Էրիգաիշին, որը երկու մրցաշարերի արդյունքում վաստակել է 19,5 միավոր: Լևոն Արոնյանը նրանից արդեն հետ է մնում 2,5 միավորով, քանի որ արագ շախմատի հաղթանակի համար տրվում է 2 միավոր:

Առաջատար եռյակը 14,5 միավորով եզրափակում է Փարհամ Մաղսուդլուն:

Վաղը տեղի կունենան երկրորդ շրջանի 9 պարտիաները: Լևոն Արոնյանը մեկնարկում սպիտակներով կհանդիպի Լիեմ Քուան Լիի հետ: Մրցաշարը նա կավարտի մրցաշարի միակ կին մասնակցի` Հարիկա Դրոնավալիի հետ պարտիայով: