Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan-makedonia
A A
Սպորտ

Հայաստան – Հս. Մակեդոնիա. Ինչու են բուքմեյքերները հավատում հյուրերի հաղթանակին

Ֆուտբոլի 2022թ աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական J խմբում հանդես եկող Հայաստանի հավաքականն այսօր սեփական դաշտում կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն: Բուքմեյքերներն այս խաղում նախապատվությունը տալիս են հյուրերին, քան` դաշտի տերերին: Հս. Մակեդոնիայի հաղթանակը դրանք գնահատել են 2,5 գործակիցով, իսկ Հայաստանինը` 3: Ինչու:

 

Նման գնահատական տալու առաջին պատճառն այն է, որ մեր հավաքականը լուրջ կորուստներով է մոտեցել հանդիպմանը: Ռումինիայի հետ նախորդ խաղում ստացած երկրորդ դեղին քարտ ստանալու պատճառով այսօր չեն կարող խաղալ մեր հիմնական կազմի միանգամից չորս ֆուտբոլիստներ` կենտրոնական պաշտպաններ Վարազդատ Հարոյանն ու Տարոն Ոսկանյանը, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը և հարձակվող Սարգիս Ադամյանը:

 

Դա նշանակում է, որ Հայաստանի հավաքականը մնացել է հաստիքային մեկ կենտրոնական պաշտպանով`հանձինս Անդրե Չալըշըրի, քանի որ նույն դիրքում հանդես եկող Հրայր Մկոյանը վնասվածքի պատճառով չի հրավիրվել հավաքական:

 

Երկրորդ պատճառը հավանաբար այն է, որ Հս. Մակեդոնիայի հավաքականն ընթացիկ մրցաշարում հաջող է հանդես գալիս մրցակիցների հարկի տակ: Բավական է հիշատակել Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակը` 2:1: Հյուսիսմակեդոնացի ֆուտբոլիստները հյուրընկալվելիս վաստակել են 7 միավոր, իսկ սեփական դաշտում` 5: Զարմանալի չէ, որ բուքմեյքերները հավատում են հյուրերի հաղթանակին:

 

Սակայն պետք է փաստենք, որ Հայաստանի հավաքականն ավելի վստահ հանդես է գալիս սեփական դաշտում` վաստակելով 7 միավոր 9 հնարավորից: Ավելին, մեր թիմը Հյուսիսային Մակեդոնիայի հետ սեփական դաշտում անցկացրած վերջին երեք խաղերում անխտիր հաղթանակներ է տարել, այդ թվում երկուսը խոշոր հաշվով (4:0, 4:1):

 

Այն, թե ինչպես կավարտի թիմերի հերթական հակամարտությունը, հայտնի կդառնա այսօր գիշերը, քանի որ հանդիպումը սկսելու է ժամը 21:00-ին: Պարզ է մի բան, որ կողմերին ձեռնտու է միմիայն հաղթանակը, քանի որ ոչ-ոքիի դեպքում նրանք համարյա դուրս կմնան 2-րդ տեղի համար պայքարից, որը աշխարհի առաջնության անցումային խաղին մասնակցելու իրավունք է տալիս: