Բացել լրահոսը Փակել լրահոսը
фото (2)
A A
Հասարակություն

Կայացել է Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի խորհրդի նիստը

Տեղի է ունեցել Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի (ԲԳՀԽ) LXXVII խորհրդի հերթական նիստը, որը հյուրընկալել և համակարգել է Հայաստանի Հանրապետությունը:

 

Քովիդ-19 համավարակով պայմանավորված՝ նիստն անցկացվել է առցանց ձևաչափով, որը համանախագահել են Հայաստանի Հանրապետությունը՝ որպես հյուրընկալող երկիր, և Սլովենիայի Հանրապետությունը: Վերոնշյալ երկու երկրները համատեղ ստանձնել են Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի համանախագահությունը 2021 թվականի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար։ Համաձայն ԲԳՀԽ կանոնակարգի՝ Բոլոնիայի գործընթացը յուրաքանչյուր վեց ամիսը մեկ համանախագահում են ԵԲԿՏ անդամ հանդիսացող երկու երկրներ։

 

Նիստին մասնակցել են Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի ՀՀ ներկայացուցիչ անդամները:

 

Հանդիպման մեկնարկին Հայաստանի և Սլովենիայի՝ որպես ԲԳՀԽ-ի համանախագահող երկրների ներկայացուցիչները և նախարարական համաժողովն ընդունող հաջորդ երկրի՝ Ալբանիայի ԲԳՀԽ-ի փոխնախագահը հանդես են եկել ողջույնի խոսքով։

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի խոսքով՝ Հայաստանը կարևորում է իր անդամակցությունը Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին՝ հանդիսանալով Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի ակտիվ և լիիրավ անդամ։ Ներկայում Հայաստանն աշխատում է հետազոտական տարածքին լիարժեք ինտեգրվելու ուղղությամբ։ Օրինակ՝ Եվրոպական հանձնաժողովի Էրազմուս+ կարողությունների զարգացման ARMDOCT ծրագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը, ծրագրի կոնսորցիումի անդամ հանդիսացող բուհերի և կառույցների հետ համատեղ, բարեփոխում է ՀՀ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի օրենսդրական կարգավորումները և հիմքերը՝ հետազոտությունը Հայաստանում բարելավելու հեռանկարով։

 

Առցանց նիստի ընթացքում ԲԳՀԽ-ի նախորդ համանախագահող երկրների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց նախագահության ժամանակահատվածում իրականացված գործընթացները, իսկ Բոլոնիայի քարտուղարությունը՝ գործընթացի ներկայիս իրավիճակը։ Առաջարկություններով հանդես են եկել Ուսանողների եվրոպական միությունը (ESU), Որակի ապահովման եվրոպական գրանցամատյանի (EQAR) տնօրենը և Եվրաուսանող (Eurostudent) ծրագրի ներկայացուցիչը:

 

Հանդիպմանը մասնակցել են անդամ երկրների (49 անդամ երկրներ և Եվրոպական հանձնաժողովը) 32 ներկայացուցիչներ և խորհրդատվական անդամներ (Եվրոպական խորհուրդը (CoE), ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Եվրոպական համալսարանների ասոցիացիան, (EUA), Բարձրագույն կրթության հաստատությունների եվրոպական ասոցիացիան (EURASHE), Ուսանողների եվրոպական միությունը (ESU), Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիան (ENQA) և այլ)։

 

Նշենք, որ ԲԳՀԽ-ի խորհուրդը խորհրդատվական հանձնաժողով է, որը ստեղծվել է՝ ԲԳՀԽ-ին աջակցելու և ԵԲԿՏ-ի կառավարման արդյունավետության ապահովման նպատակով՝ միաժամանակ երաշխավորելով դրա շարունակականությունը: Խորհրդի պարտականությունների մեջ ներառված են աշխատանքային ծրագրի արդյունավետ իրականացման, համակարգման և վերահսկման գործընթացները:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ