Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ամեն ինչ արեցին, որ Վանո Սիրադեղյանը հեռանա Հայաստանից և դրա համար մեղադրեցին ինձ․ Արամ Սարգսյան (տեսանյութ)

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասում է թե՛ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, թե՛ «Հայաստան» դաշինքը պետք է այս ընտրություններից հետևություն անեն։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Ա․Առուշանյանը վերընտրվել է իր պաշտոնում։ Ի տարբերություն հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ այս անգամ նա հանդես էր եկել ոչ թե «Հայաստան» դաշինքով, այլ ձևավորել էր իր՝ «Առուշ Առուշանյան» դաշինքը։

«Պիտի հետևություն անեն, որովհետև նույն Առուշ Առուշանյանը Ռոբերտ Քոչարյանի թիմից լինելով՝ նախորդ ընտրություններում պարտվեց։ Այսինքն՝ ԱԱռուշանյանը Գորիսում ունի հեղինակություն, նախորդ ընտրություններում էլ կհաղթեր, եթե Ռոբերտ Քոչարյանի հետ չմասնակցեր։ Ռոբերտ Քոչարյանի բացասական վարկանիշը խանգարեց նախորդ ընտրություններում ավելի շատ քվե վերցնելուն»,- համոզված է Ա․Սարգսյանը։

Ա․Սարգսյանն անդրադարձավ նաև գրող, հրապարակախոս և Հայաստանի անկախության առաջին տարիներին բարձր պաշտոններ զբաղեցրած Վանո Սիրադեղյանի մահվանը։ Վ․Սիրադեղյանը երկար տարիներ Հայաստանում չէր և մահացել է օտարության մեջ։

«Ամեն ինչ արեցին, որ Վանո Սիրադեղյանը Հայաստանից հեռանա և ամենահետաքրքիրն այն է, որ այդ հեռանալու մեղադրանքը դրեցին ինձ վրա։ Ես էլ ներկայացրեցի նախկին վարչապետ Հայկ Հարությունյանի ազատման հրամանը, բայց Քոչարյանը չստորագրեց, ես էլ նրան չթողեցի մասնակցեր կառավարության նիստերին, մինչև մայիսի 2-ին ինձ ազատեցին»,- ասում է նա։

Ա․Սարգսյանը նաև հիշում է, որ Հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններից հետո Վանո Սիրադեղյանը հաճախ էր գալիս իրենց տուն․ «Ինձ ասում էր, դու հոգնած ես, գնա քնի, քո հետ բան չունեմ խոսելու։ Ու միշտ ասում էր, ոչ մեկին չլսես, ոչ մեկի խորհուրդը չհարցնես։ Մորս հետ էր նստում, երկար խոսում էին, և անընդհատ լացում էր»։

Ա․Սարգսյանը նաև հիշում է, որ Ռ․Քոչարյանն իրեն վարչապետի պաշտոնում նշանակելիս առաջին հարցը, որ տվել է, ասել է, կարո՞ղ եք Վանո Սիրադեղյանին կալանավորել։ Նա նաև ասում է, թե Հոկտեմբերի 27-ի հետո իրար դեմ էին պայքարում Վազգեն Սարգսյանի ընկերները․ «Մի կողմն ասում էր, դուք եք արել, մյուսներն ասում էին, դուք քաղաքականությունից բան չգիտեք, արել են Լևոնենք, որ սրանք գան` մեզ սրբեն»։

Ա. Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ երկու ամիս առաջ իրեն ավելի քան չորս ժամ հարցաքննել են Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասով։

 

Մանրամասները` տեսանյութում: